Գլխավոր / Армения / Ալիևը Ղարաբաղի հարցը կապում է ժողովրդագրության հետ

Ալիևը Ղարաբաղի հարցը կապում է ժողովրդագրության հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ-ի գնահատման առաքելությունը: Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է կառավարության նիստի ժամանակ:

«Օրերս իրականացված առաքելությունը պետք է համեմատություններ անի և իր զեկույցում ներկայացնի նաև առկա ավերածություններն ու հանցագործությունները: Հուսով եմ, որ զեկույցն արդար և օբյեկտիվ կլինի»,- նշել է Ադրբեջանի առաջնորդը:

Միաժամանակ նախագահը համոզմունք է հայտնել, որ այդ զեկույցը «հավասարակշռված չի լինի, քանի որ բանակցությունների ընթացքում հաճախ միջնորդներն իրենց գործունեությունը կառուցում են հավասարակշռության մոտեցման վրա»:

«Բայց այս ոլորտում հավասարակշռության մասին խոսք լինել չի կարող: Սա մեր երկիրն է, որտեղ հայերը ավերել են բոլոր շենքերը, քարը քարի վրա չեն թողել անգամ»,- հայտարարել է Ալիևը:

Ինչ վերաբերում է խնդրի կարգավորմանը, ապա Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ այս հարցում Բաքուն փոխզիջումներ չի ընդունում, և սպառնացել է հարցը լուծել` գործի դնելով ռազմական ներուժը:

Նախագահի խոսքով` Ադրբեջանը սկզբունքային դիրքորոշում ունի, որից մեկ քայլ անգամ չի նահանջելու: «Հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ավելացնելով մեր ռազմական ներուժը` մենք կհասնենք հարցի լուծմանը»,- ասել է նախագահը:

Ալիևը ղարաբաղյան հարցը ժողովրդագրական է անվանել: «Այսօր Ադրբեջանի բնակչության թիվը գերազանցում է 9 միլիոնը: Իսկ Հայաստանում զանգվածային արտագաղթ է տեղի ունենում»,- ամփոփել է նա:

Tekali Taxi