Գլխավոր / Армения / Հայաստանում գերեզմանատները կարելի է դարձնել բաց թանգարաններ. կարծիք

Հայաստանում գերեզմանատները կարելի է դարձնել բաց թանգարաններ. կարծիք

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և նկարիչ Հենրի Գարուկյանն այսօր  բարձրաձայնել են Երևանի բոլոր գերեզմանների հագեցվածության խնդիրը:

Բանախոսները այն կարծիքին են, որ Երևանում տարածքների սղություն կա: Նրանք կողմնակից են, որպեսզի հանգուցյալի դին դիակիզվի և դրվեն փոքրիկ տապանաքարեր:

Մինասյանն ու Գարուկյանը վստահեցրեցին, որ տապանաքարերի մասով  նման օրենք ընդունվել է, սակայն անհետևողականության պատճառով այն ուժը կորցրեց:

Ինչ վերաբերում է գերեզմանոցներում կառուցված հուշարձաններին, ապա, բանախոսների կարծիքով, շատ երկրներում կան գերեզմանատներ, որտեղ առկա են շատ գեղեցիկ քանդակներ, և այնտեղ գերեզմանոցները վերածվել են բաց թանգարանի: Մինասյանի խոսքով` Հայաստանում ևս կարող է նման բան տեղի ունենալ, եթե խնդիրը կանոնակարգվի:

Մկրտիչ Մինասյանը բարձրաձայնել է նաև Եռաբլուրում շքեղ գերեզմանոցների կառուցման խնդիրը:

«Դա ռազմական գերեզմանոց էր, և այնտեղ միայն խաչեր էին դրված: Եռաբլուրը հենց արված էր դրա համար, որ բոլոր կռվածները հավասար են», – ասել է Մինասյանը` հավելելով, որ Եռաբլուրը, սակայն, ևս վերածվում է շքեզ դամբարաններով գերեզմանոցի:

Անդրադառնալով Պանթեոնին` բանախոսները նշել են, որ «Պանթեոն որպես այդպիսին այլևս չունենք»:

«Նախկինում այնտեղ ծառուղի կար, յուրաքանչյուրը գիտեր, որտեղ են պետական գործիչների շիրիմները, որտեղ են արվեստի գործիչների շիրիմները, իսկ հիմա խառնված են»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Tekali Taxi