Գլխավոր / Армения / Դինքի ընտանիքը դեմ է Թուրքիայի դատարանի որոշմանը

Դինքի ընտանիքը դեմ է Թուրքիայի դատարանի որոշմանը

Ստամբուլի դատարանի երեկվա որոշումը, համաձայն որի Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստի գործը կքննեն անչափահասների դատարանում, դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել մի շարք հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում:

Դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ Դինքի սպանության պահին` 2007թ. հունվարի 19-ին, մարդասպանը 18 տարեկանից փոքր է եղել: Սակայն իրավապաշտպանները հղում են կատարում տեռորիզմի դեմ ուղղված պայքարի մասին Թուրքիայի օրենքում լրացումներին, համաձայն որոնց 15 տարեկանից բարձր հանցագործները կարող են կանգնել մեծահասակների դատարանի առջև: Ի դեպ, այդ օրենքը  ընդունվել էր հիմնականում բողոքի ցույցերին մասնակցող քրդական ծագում ունեցող երիտասարդներին մեծահասակների դատարանի առջև կանգնեցնելու համար:

Բացի այդ, դատախազը Սամաստի համար պահանջել էր 29 տարվա ազատազրկում, մինչդեռ անչափահասների համար դատարանում մեղադրյալի համար հնարավոր է պահանջել առավելագույնը 26,5 տարվա ազատազրկում: Թուրքիայում խոսում են, որ նոր ընթացակարգով քննվող գործի բնույթը կարող է փոխվել, և Սամաստի համար էլ ավելի քիչ ժամկետ կպահանջեն:

Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, այս որոշումը քննադատել է նաև Հրանտ Դինքի ընտանիքը: Երեկ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը հայտարարել է, որ «օրենքները երկաթե ձեռնաշղթաներ են հագցրել արդարադատության վրա, իսկ դատավորներն իրենց նույն կերպ են պահել»:

Հրանտ Դինքի եղբայրը` Խոսրով Դինքը, հայտարարել է, որ իրենք չէին բողոքի  որոշման դեմ, եթե այն ժամանակին ընդունվեր:

«Չորս տարի է անցել: Մենք ցանկանում ենք հիշեցնել ձեզ ձեր պարտականությունների մասին», – հայտարարել է սպանված լրագրողի եղբայրը` դիմելով դատարանին:

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ներկա են եղել դատական նիստին, նույնպես արտահայտվել են որոշման կապակցությամբ:

Մասնավորապես, միջազգային դիտորդ Օլիվյե Գիլբոն հույս է հայտնել, որ դատարանի նման որոշումը «չի խանգարի բացահայտել ճմշարտության բոլոր կողմերը, որոնք թաքնված են սպանության հետևում»:

Tekali Taxi