Գլխավոր / Հայաստան / Ծիծեռնակաբերդի խճուղին այսօրվանից լիովին երթևեկելի է

Ծիծեռնակաբերդի խճուղին այսօրվանից լիովին երթևեկելի է

Երևանի քաղաքապետարանի ծրագրերով այս տարվա հունիսին սկսված Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման առաջին փուլն ավարտված է։  Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Նորակառույց ճանապարհը նոյեմբերի 4-ից լիովին երթևեկելի է։ Վեց ամիս տևած շինարարությունից հետո Ծիծեռնակաբերդի խճուղում նախկին միաշերտ երթևեկության փոխարեն երկկողմանի երկշերտ երթևեկություն է լինելու:

 Ճանապարհը մոտ 5 մետրով լայնացվել է, անցկացվել է լուսավորության նոր համակարգ, ճանապարհի երկայնքով տեղադրվել է ջրահեռացման համակարգ, ինչի բացակայությունն այստեղ մշտական և լուրջ խնդիրներ էր առաջացնում։  Աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետի պահանջով նախագծի մայթերին վերաբերող հատվածը փոխվել է՝  1.5 մետրանոցի փոխարեն կառուցվել են  3 մետր լայնությամբ մայթեր։

Զուգահեռաբար մեկնարկել է ճանապարհի երկրորդ փուլի շինարարությունը։  Ծիծեռնակաբերդի խճուղու միջնամասում  կառուցվում է տրանպորտային էստակադա, որը առանց լուսացույցի շրջադարձ կազմակերպելու հնարավորություն է տալու:

Քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը տեղեկացրել է, որ դեպի Ցեղասպանության թանգարան և Մարզահամերգային համալիր  գնացող ավտոմեքենաները էստակադայի կառուցումից հետո առանց միմյանց խանգարելու ետդարձ և ձախ շրջադարձ կկատարեն։

Էստակադայի հիմնական շինարարությունը կավարտվի մինչև  տարեվերջ, իսկ ասֆալտապատումը կիրականացվի գալիք տարի։

Ճանապարհի երկրորդ փուլի շինարարությունը երթևեկությանը չի խանգարի։

Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցմանը Երևանի բյուջեից հատկացվել է մոտ 1 մլրդ 500 մլն դրամ, որից երկրորդ փուլին` 866 մլն դրամ։

Tekali Taxi