Գլխավոր / Հայաստան / Վարչապետը գյուղնախարարին հանձնարարել է «խնդիրները լուծել»

Վարչապետը գյուղնախարարին հանձնարարել է «խնդիրները լուծել»

Այսօր ՀՀ կառավարության նիստում ներածական խոսքով հանդես է եկել Տիգրան Սարգսյանը, ով նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ հստակ հանձնարարություններ է ձևակերպել, որոնք վերաբերում են միջսահմանային պետական գործառույթներին։

«Մենք միասին պարտավոր ենք շատ արագ հանրապետության նախագահի հանձնարարականներն ի կատար ածել։ Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն մաքսային և հարկային գործառույթներին, այլև բոլոր այն պետական գործառույթներին, որ մենք իրականացնում ենք սահմանում, երբ որ մեր քաղաքացիները և տնտեսություն վարող սուբյեկտները հատում են սահմանը։ Այսօր ես ուզում եմ սկսել բուսասանիտարիայի խնդրից։ Գաղտնիք չէ, որ դժգոհություններն այդտեղ բավական շատ են, և վերջերս մենք գյուղատնտեսության նախարարի հետ քննության ենք առել վարչապետի վերահսկողական ծառայության հաշվետվությունը կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ։ Գյուղատնտեսության նախարարը խնդրանքով դիմել էր վարչապետին, որպեսզի ես թույլ տամ ստուգումներ մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող օբյեկտներում, քանի որ ահազանգեր էին ստացվում քաղաքացիներից, որ թունաքիմիկատների առևտուրն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ։ Այդ թույլտվությունը տրված էր գյուղատնտեսության նախարարությանը, և պարզվեց, որ ստուգման արդյունքում ընդամենը մեկ խախտում է արձանագրվել։ Երբ վարչապետի վերահսկողական ծառայությունը գնաց այդ ստուգման հետքերով, պարզվեց, որ և՛ լիցենզավորման վարչությունը, և՛ բուսասանիտարիայի վարչությունը, մեղմ ասած, պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները, որովհետև բոլոր այդ օբյեկտներում մեր վերահսկողական ծառայությունը հայտնաբերել է խախտումներ, որոնք չեն արձանագրվել, ընդ որում բուսասանիտարիայի տեսչությունը ծառայություններ է մատուցում նաև սահմանում։ Այլևս հանդուրժելի չէ նման աշխատաոճը», – ասել է Տիգրան Սարգսյանը։

Նա նշել է, որ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն արդեն իսկ աշխատանքից հեռացրել է լիցենզավորման վարչության պետին:
Վարչապետը հանձնարարել է գյուղնախարարին, որ այսօր լուծվի նաև բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը։

Tekali Taxi