Home / Հայաստան / Ընդհարում «Երևան» հյուրանոցի մոտ. ընդդիմադիր երիտասարդներին ոստիկանները ծեծի են ենթարկում

Ընդհարում «Երևան» հյուրանոցի մոտ. ընդդիմադիր երիտասարդներին ոստիկանները ծեծի են ենթարկում

Այսօր, ժամը 9:30-ից Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները սկսել են իրենց բողոքի ակցիան «Երևան» հյուրանոցի մոտ: Հիշեցնենք, որ այսօր Երևանում անցկացվում է «Եվրամիություն-Հայաստան. Քաղաքացիական հասարակության համաժողով»-ը, և Կոնգրեսի ներկայացուցիչներն իրենց բողոքի ձայնն են ցանկանում հասցնել եվրոպացի պաշտոնյաներին:

Մեկ տասնյակ երիտասարդներ պաստառներով կանգնած են հյուրանոցի դիմաց` Շառլ Ազնավուրի հրապարակում: Ակտիվիստների պաստառների վրա անգլերենով տարբեր կոչեր են գրված: Մասնավորապես, «Եվրոպա, մի հանդուրժի դիկտատորներին», «Քաղաքական բանտարկյալը Հայաստանում ամոթալի է Եվրոպայի համար», «Եվրոպա, դու թույլ ես տվել այս ռեժիմին պահել 12 պատանդների», «Եվրոպա, ասա’ ճշմարտությունը Հայաստանի մասին»:

Նույն  վայրում են նաև մոտ երկու տասնյակից ավել ոստիկաններ, ովքեր դեղին ժապավեններով փակել են տարածքը, երիտասարդների թիկունքում տեղադրել են պատնեշներ և պահանջում են, որպեսզի ակցիայի մասնակիցներն անցնեն պատնեշից այն կողմ: Ակցիային մասնակցող Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը ոստիկանների հետ զրույցում հրաժարվել է կատարել նրանց պահանջը` համարելով այն ապօրինի:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը դեպքի վայրից, մոտ տասը րոպե սպասելուց հետո ոստիկանները հարձակվել են ակտիվիստների վրա և սկսել են խլել և ջարդել նրանց պաստառները: Երիտասարդները պառկել են գետնին, իսկ ոստիկանները քաշքշելով և հարվածելով նրանցից չորսին` Սարգիս Գևորգյանին, Արեգ Գևորգյանին, Վահագն Գևորգյանին և Սարգիս Խաչատրյանին նստեցրել են ոստիկանական մեքենաներ և հեռացել տարածքից: Ինչպես մեզ հաղորդել է Սարգիս Գևորգյանի քույրը` լրագրող Անի Գևորգյանը, նրա եղբայրն արդեն ոստիկանության բաժնից զանգահարել է իրեն և հայտնել, որ ոստիկանները երիտասարդներին ծեծի են ենթարկում:

Այս պահին մյուս երիտասարդները շարունակում են բողոքի ակցիան «Երևան» հյուրանոցի մոտ:

Tekali Taxi