Home / Армения / Ադրբեջանը խորացնում է անվստահության մթնոլորտը, հայտարարել է ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանը

Ադրբեջանը խորացնում է անվստահության մթնոլորտը, հայտարարել է ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանը

Նոյեմբերի 11-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Աշոտ Հովակիմյանը, ի պատասխան Մինսկի խմբի հանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի զեկույցի, հանդես է եկել ելույթով, որտեղ, մասնավորապես, նշել է.

«Ինչպես նշվել էր Աստրախանի եռակողմ հանդիպմանը հաջորդած՝ նախագահ Մեդվեդևի մամուլի ասուլիսի ընթացքում, նախագահները հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին շարունակել բանակցությունները` հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու նպատակով:

Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում` հենց այս դահլիճում հայտարարում է, որ հիմնարար սկզբունքները կորցրել են իրենց կարևորությունը, և ժամանակի և էներգիայի վատնում է դրանց քննարկումը: Ինչպե՞ս կարող է Ադրբեջանի դեսպանը անիմաստ համարել այն, ինչի շուրջ Ադրբեջանի նախագահը հանձնարարել է իր նախարարին բանակցել»:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանն այս դիրքորոշմամբ, փաստորեն, դուրս է գալիս Մինսկի խմբի եռանախագահների աջակցությամբ ընթացող բանկացությունների ձևաչափի դեմ:

Եզրափակելով ելույթը՝ Աշոտ Հովակիմյանն ասել է. «Մեկ այլ հարց, որ ես կցանկանայի բարձրացնել, վերաբերվում է վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Ռազմական ոլորտում վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների ներկայացումը ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բազմաթիվ փաստաթղթերի անբաժան մասն է, որը, սակայն, շարունակաբար մերժվել է Ադրբեջանի կողմից: Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ այդ ուղղությամբ կատարված առաջին քայլին պետք է հաջորդեն վստահության ամրապնդման այլ միջոցներ: Ադրբեջանը, սակայն, վստահության ամրապնդման ուղղված առաջին քայլն անգամ օգտագործեց նեղ քարոզչական նպատակներով, ինչը ոչ թե վստահությունը, այլ անվստահությունն է խորացնում: Մթնոլորտը սրում են նաև Ադրբեջանի բարձր ղեկավարության պատերազմաշունչ հայտարարությունները, սպառնալիքները, որոնց նպատակն է ձախողել բանակցությունները»:

Tekali Taxi