Home / Армения / ՀԱԿ-ը պահանջում է խստագույնս ապահովել Փաշինյանի անվտանգությունը մինչև նրա ազատ արձակումը

ՀԱԿ-ը պահանջում է խստագույնս ապահովել Փաշինյանի անվտանգությունը մինչև նրա ազատ արձակումը

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որը նվիրված է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի անվտանգության խնդրին:

«Չբավարարվելով «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ապօրինի ազատազրկմամբ և խիստ դատավճռով, իշխանություններն ակնհայտորեն նաև ազատազրկման վայրում նրա համար ստեղծել են անմարդկային պայմաններ։ Դրա ապացույցն է Կոշ քրեակատարողական հիմնարկում սեպտեմբեր ամսից ի վեր քաղբանտարկյալի դեմ կիրառվող պարբերական իրական սպառնալիքները եւ բռնությունները։

Սա չի կարող պատահականություն լինել, այլ նպատակ է հետապնդում ազատազրկման պայմաններում անգամ խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի ակտիվ հրապարակախոսական գործունեությունը, կոտրել նրա կամքը, ստիպել նրան դադարեցնել իր քաղաքական գործունեությունը, լռեցնել նրա խմբագրած «Հայկական ժամանակ» թերթը, կամ նրանից ներման խնդրագիր կորզել», – ասված է հայտարարության մեջ։

ՀԱԿ-ը նշում է, որ համոզմունք է հայտնում, որ նման ջանքերն ապարդյուն են, քանզի Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ լռի կամ ներում խնդրի իր չգործած հանցանքների համար։

«Իշխանությունները պետք է դադարեցնեն գաղութի ադմինիստրացիայի և քրեական տարրերի ձեռքով իրականացվող տմարդի ու հանցավոր գործողությունները։ Մենք հիմքեր ունենք հայտարարելու, որ Նիկոլի կյանքին վտանգ է սպառնում։ Ազատազրկման ամեն մի օրը հղի է նրա առողջության ու կյանքին սպառնացող անսպասելի վտանգով։  Ուստիև՝ Հայ Ազգային Կոնգրեսը, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի շուրջ ստեղծված այս աննախադեպ, էքստրեմալ իրավիճակը, պնդելով հանդերձ բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման իր պահանջը, պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան, իսկ մինչև հարցի լուծման իրավաբանական ձևակերպման ընթացակարգի ավարտը խստագույնս ապահովել նրա ֆիզիկական անվտանգությունը», – նշված է հայտարարության մեջ։

Tekali Taxi