Home / Армения / Տիգրան Սարգսյանը 2011թ. հարկային եկամուտների աճ է խոստանում

Տիգրան Սարգսյանը 2011թ. հարկային եկամուտների աճ է խոստանում

ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագիծը բովանդակային առումով արտացոլում է երկրի զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները: Այս մասին այսօր ՀՀ Ազգային Ժողովի լիագումար նիստում ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա մի քանի կետով ներկայացրել է վերոնշյալ ուղղությունները: Որպես առաջին կետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման տեսանկյունից կարևորում է ձեռք բերված մակրոտնտեսական կայունության պահպանումը։

«Այդ իսկ պատճառով կառավարությունը կշարունակի մակրոտնտեսական կայունությանը և տնտեսական աճի կայուն տեմպերի պահպանմանը նպաստող վերջին տարիներին վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը», – ասել է Սարգսյանը։
 
Որպես երկրորդ կետ կառավարության ղեկավարը նշել է, որ իրականացվելիք մակրոտնտեսական քաղաքականությունը ենթադրում է բյուջետային դեֆիցիտի աստիճանական նվազեցում, պետական պարտքի աճի տեմպերի սահմանափակում` այն ողջամիտ` այսինքն տնտեսության զարգացման համար անվտանգ մակարդակ, լողացող փոխարժեքի ռեժիմ։

«Մասնավորապես, գնաճը 12-ամսյա թիրախով կանխատեսվում է 4.0 տոկոսի շրջանակներում` 1.5 տոկոսանոց միջանցքում, իսկ ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի ծախսերի առումով նախատեսվում է իրականացնել բյուջետային դեֆիցիտի ծրագիր, որը ենթադրում է, որ դեֆիցիտը չի գերազանցելու 4 տոկոսը։ Դեֆիցիտը հիմնականում կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ներքին և արտաքին ռեսուրսների հաշվին, ընդ որում` 86.8 տոկոսը բաժին կընկնի արտաքին պարտքին և 2011 թվականի վերջում կանխատեսում են ունենալ 4305.1 մլն ԱՄՆ դոլարի չափով արտաքին պարտք։ Արտաքին պետական պարտքի այսպիսի բեռը բնութագրվում է որպես նվազ կամ միջին հարկային բեռ և, մեր գնահատականներով, այն իր մեջ սպասարկման վտանգներ չի պարունակում», – ասել է Տիգրան Սարգսյանը։

Երրորդ կետով նա նշել է, որ կշարունակվի պետության ֆինանսական կարողությունների ամրապնդման գործընթացը։ Կառավարության ծրագրի համաձայն` պետական եկամուտների հավաքագրման աստիճանի բարձրացումը հարկաբյուջետային գերակա ուղղություններից մեկն է, որի շնորհիվ ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների մակարդակը պետք է ավելանա առանց դրույքաչափերի ավելացման։

«Ուստի, 2011 թվականին, ինչպես և նախորդ տարիներին ապահովվելու է բյուջետային եկամուտների հավաքագրման աճի` ՀՆԱ-ի աճի տեմպի նկատմամբ առաջանցիկ տեմպեր։ 2011 թվականի բյուջետային ռեսուրսների փաթեթը հիմնականում կհամալրվի ի հաշիվ հարկային եկամուտների աճի։ Եթե 2010թ. պլանային ցուցանիշը պետական եկամուտների, սոցիալական վճարների և տուրքերի հաշվին մենք ծրագրել էինք, որ կկազմի 675 մլրդ դրամ, ապա 2011թ. ցուցանիշը կազմում է 773 մլրդ դրամ, այսինքն` շուրջ 100 մլրդ դրամով ավելանալու են 2011 թվականի ընթացքում մեր բյուջեի պետական եկամուտները։ Ընդ որում` անհրաժեշտ է նկատել, որ այսպիսի հավաքագրումները մենք իրականացնելու ենք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2009-2010 թվականներին մենք Հակաճգնաժամային ծրագրի իրականացման շրջանակներում նաև սահմանել ենք լրջագույն արտոնություններ, ձեզ հետ միասին» , – հայտարարել է վարչապետը` դիմելով ԱԺ պատգամավորներին:

Tekali Taxi