Home / Հայաստան / Աշոտյանն ընդունելության քննությունների ժամանակ հեղափոխություն է խոստանում

Աշոտյանն ընդունելության քննությունների ժամանակ հեղափոխություն է խոստանում

2012 թվականին ընդունելության քննություններում հեղափոխություն կկատարվի. առաջարկվում է ստեղծել հայոց լեզվի թեստերի համապատասխան քննական շտեմարան, հիմնական թեստերը վերցնել միայն այդ շտեմարանից։ Նախապես կտրվի հարցաշարն ու ճիշտ պատասխանները։ Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ, ներկայացնելով կրթության ոլորտում հակակոռուպցիոն ծրագրի քայլերը, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով` սա մեխանիզմ է, որն ընդունված է ամբողջ աշխարհում։

«Սրանով վերջ կտրվի քննությունների ժամանակ առաջացած այն անառողջ իրարանցմանը, որը կապված է թեստերի կազմման, երկիմաստությունների արդյունքում առաջացած խնդիրների հետ»,- ասել է նախարարը։ Համաձայն այս ծրագրի` բոլոր բուհերում, կսահմանվի միասնական քննությունների բովանդակային կազմ։

«Քննությունները կհանձնվեն ունիֆիկացված համակարգերով։ Հայաստանի համար առաջարկվում է բոլոր բուհերում, բացառությամբ նաև մասնագիտական բուհերից, հանձնել երեք քննություն` հայոց լեզվի քննություն, որը կլինի շտեմարանային տարբերակով, ցանկացած օտար լեզվի ստանդարտիզացված քննություն, ինչպես նաև GRE քննություն (միջազգայնորեն օգտագործվող թեստի տարբերակ – Epress.am)։ Այս քայլերով մենք կբարձրացնենք քննությունների օբյեկտիվությունը և օտար լեզուների իմացության մակարդակը աշակերտների և ուսանողների մոտ։ Իսկ երրորդ քննությունը, որը ևս միջազգայինորեն սերտիֆիկացված թեստերի համակարգ է, թույլ կտա չափել նրանց գիտելիքները մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության բնագավառում»,- ասել է Արմեն Աշոտյանը։

Նրա տեղեկացմամբ, նախարարությունում մշակված հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը կառավարության ղեկավարի հավանությանն է արժանացել։ Ծրագրի վերաբերյալ քննարկումներ կանցկացվեն` ներառելով քաղաքացիակական հասարակության տարբեր ինստիտուտներ։

Tekali Taxi