Home / Армения / Վարչապետը գոհ է նախարարներից. կադրային փոփոխությունները շարունակվելու են

Վարչապետը գոհ է նախարարներից. կադրային փոփոխությունները շարունակվելու են

Այսօր ՀՀ կառավարության նիստում հնչեցրած իր ներածական խոսքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է երկու շաբաթ առաջ իր կողմից տրված հանձնարարականներին և այն փոփոխություններին, որ իրականցվել են կրթության և գիտության, առողջապահության, գյուղատնտեսության և ֆինանսների նախարարություններում: Հիշեցնենք, որ այդ քայլերը, ըստ վարչապետի ուղղված էին կոռուպցիայի հաղթահարմանը:

«Հանձնարարականներ էին տրված կրթության և գիտության նախարարին, որպեսզի նա հակակոռուպցիոն բնույթի միջոցառումների ժամանակացույց ներկայացնի 10-օրյա ժամկետում։ Մենք պարոն Աշոտյանի հետ քննարկել ենք այդ ծրագիրը։ Ես կարծում եմ, որ բավական հաջողված ծրագիր է և կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այս ծրագիրը մենք հանենք հանրային քննարկման։ Ինձ շատ ոգևորում է այն հանգամանքը, որ մենք ստացել ենք արձագանք ուսանողական խորհուրդներից, այդ թվում նաև գրավոր, որ նրանք պատրաստ են աջակցել մեզ այս գործընթացում», – ասել է Տիգրան Սարգսյանը։

Վարչապետի խոսքով` ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ նույնպես քննարկվել է նախարարության կողմից մշակված միջոցառումների ծրագիրը, որը  հաջորդ շաբաթ կներկայացվի հանրությանը։

«Ֆինանսների նախարարն օպերատիվ անդրադարձել է բացահայտված խնդիրներին. համապատասխան կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպես նաև կառուցվածքային լուծումներ են առաջարկվում, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար հատկացված պետական միջոցներն արդյունավետ ծառայեն բուն նպատակին։ Կարծում եմ, որ 2011 թվականին այս ծրագրի իրականացման գործում պետք է ունենանք լուրջ առաջընթաց», – ֆինանսների նախարարության գործունեությունից նույնպես գոհ է մնացել վարչապետը։

Նա նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, և այդ փոփոխությունները  շարունակվելու են։

Tekali Taxi