Home / Армения / ՀՅԴ-ն կարևորում է ԼՂՀ վերաբերյալ ընդունված Սոցինտերնի հայտարարությունը

ՀՅԴ-ն կարևորում է ԼՂՀ վերաբերյալ ընդունված Սոցինտերնի հայտարարությունը

Նոյեմբերի 15-16-ին Փարիզում կայացած Սոցինտեռնի խորհրդի համաժողովին Սոցինտերնի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված բանաձևը ուրվագծում է այն քայլերը, որոնք կազմակերպությունը պետք է իրագործի ապագայում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նշենք, որ Մանոյանը օգտագործում էր բանաձև բառը, իսկ Սոցինտերնի կայքում նշված է statement բառը, որը թարգմանաբար նշանակում է հայտարարություն:

«Սոցինտերն ինքը որոշել է շարունակել իր ճիգերը ստեղծելու կամ քաջալերելու փոխադարձ վստահություն, և Սոցինտերնի ներսում, այսինքն` մեր կուսակցությունների միջև, և Սոցինտերնից դուրս հնարավորության սահմաններում հակամարտող կողմերի հասարակական կամ քաղաքական դաշտերում: Բանաձևի հիմնական կետը սա է: Սոցինտերն ինքն ասում է, որ աշխատելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պաշտոնականացման և տարածաշրջանի համար, այսինքն` Լեռնային Ղարաբաղի համար, բոլորի կողմից ընդունելի վերջնական կարգավիճակի ուղղությամբ: Սա խոսում է այն մասին, որ այսօր իսկ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա պաշտոնական կարգավիճակ բանակցությունների մեջ»,- նշել է բանախոսը` կարևորելով ընդունված հայտարարությունը:

Նշենք, որ Կիրո Մանոյանը ասուլիսի ժամանակ ասել է, որ Սոցինտերնի ընդունած բանաձևից հետո Ադրբեջանի ներկայացուցիչ Արազ Ալիզադեն հայտարարել էր, որ նման բանաձև չի ընդունվել: Սակայն, Մանոյանի խոսքով, դա չի համապատասխանում իրականությանը:

«Սոցինտերնի կայքում արդեն կա այդ բանաձևը»,- ասել է Կիրո Մանոյանը:

Սոցինտերնի հայտարարությունում, մասնավորապես, ասված է, որ Սոցինտերնը շարունակելու է ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պաշտոնականացման և տարածաշրջանի համար բոլորի կողմից ընդունելի վերջնական կարգավիճակի ձեռքբերման, երկու կողմից տեղահանված անձանց իրավունքների հաստատման հարցերում: Հայտարարության մեջ կոչ է արվում հարգել 1994թ.-ի զինադադարի պայմանագիրը և հետ կանգնել բոլոր տեսակի զինադադարի խախտումներից, ներառյալ` դիպուկահարների կրակից:

Tekali Taxi