Home / Հայաստան / «Ես որ չեմ ընգել, չգիտեմ` ինչ ա». Երևանում իրազեկում էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին

«Ես որ չեմ ընգել, չգիտեմ` ինչ ա». Երևանում իրազեկում էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին

«Այսօրվա մեր կարգախոսն է` «Լռությունը լուծում չի», այսինքն` լռելով կամ անտարբերության մատնելով` ոչ մի հարցի լուծում չենք տա, պետք է խոսել կոնկրետ ՄԻԱՎ վարակի մասին, մարդու իրավունքների մասին, որպեսզի աճը մեր տարածաշրջանում կարողանանք կանխել»: Այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջազգային օրվան նվիրված ակցիայի ժամանակ Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «PINK Armenia» հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Հովսեփյանը: Նա նշել է, որ ակցիայի շեշտը դրված է հիմնականում մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Ակցիայի մասնակիցները երթ կազմակերպեցին, որի ընթացքում անցան Կորյունի փողոցով, Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովայի, Թումանյանի, Աբովյանի փողոցներով, Հյուսիսային պողոտայով և հասան մինչև Հանրապետության հրապարակ: Դրանից հետո երթի մասնակիցները բարձրացան Ազատության հրապարակ և երթն ավարտեցին այնտեղ:

«Ամենակարևորն այն է, որ նման ակցիաներով բարձրանում է հասարակության իրազեկվածության մակարդակը»,- ասել է Հովսեփյանը:

Նրա խոսքով` նման միջոցառումներ շատ են եղել` սկսած 2008 թվականից մի քանի կազմակերպություն միացյալ ծրագրեր է իրականացնում:

«2008թ. 5 կազմակերպություն է եղել, 2009-ին` չորս, իսկ այս տարի տասից ավելի կազմակերպություններ, և նույնիսկ միջազգային աջակցություն է եղել»,- նշել է Մամիկոն Հովսեփյանը:

Մասնակիցներից NDP հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Հակոբյանը Epress.am-ի հետ զրույցում նկատել է, որ ժողովուրդը զարմանում է նման ակցիաների ժամանակ:

«Սակայն մենք ավելի շատ ենք նման ակցիաներ անելու, որպեսզի բարձրացնենք իրազեկումը»,- ասել է նա:

Epress.am-ը զրուցել է նաև ակցիայի մասնակիցների կողմից բաժանվող տեղեկատվական թերթիկներ ստացող քաղաքացիների հետ, ովքեր իրենց տեսակետներն են հայտնել ակցիայի վերաբերյալ:

«Էսօր ՁԻԱՀ-ի օրն ա, չէ՞: Շատ լավ ա, որ սենց ակիցիաներ են լինում, մարդիկ կան, որ չգիտեն, էս ձևով տեղեկանում են: Ես, օրինակ, գիտեմ»,- ասել է Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողը:

«Ես որ չեմ ընգել, չգիտեմ, ինչ ա ՄԻԱՎ-ը, բայց լավ ա, որ նման ակցիաներ են լինում, ես էլ կկարդամ, կիմանամ` ինչ ա էդ»,- ասել է ՀՊՃՀ-ի մեկ այլ ուսանող:

ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհիներից մեկն էլ կարծիք է հայտնել, որ վերջին երկու տարվա մեջ մարդկանց իրազեկման մակարդակի աճ կա, ու «շատ լավ է, որ նման ակցիներ են լինում»:

Ըստ կառավարության աշխատակցի` ցանկացած տիպի ակցիա ազդեցություն ունի մեր հասարակության վրա, «ուղղակի, ասա, մնայուն լինի էդ ազդեցությունը, այսինքն` դասեր քաղեն»:

«Մենք էնքան չենք հետաքրքրվում, որքան որ անհրաժեշտ ա, հեռուստատեսությամբ ենք իմանում, ստանում ինֆորմացիա: Կողմ ենք, որ նման ակցիներ են լինում, հասարակությունը ինֆորմացվում է նման ձևով»,- մեզ հետ զրույցում ասել է մի տնային տնտեսուհի:

Ի դեպ, նշենք, որ մեր զրուցակիցներից ոչ ոք չի ցանկացել ներկայանալ:

Tekali Taxi