Home / Армения / Պանրի գնի բարձրացումը համարժեք չէ կաթի թանկացմանը. ՏՄՊՊՀ

Պանրի գնի բարձրացումը համարժեք չէ կաթի թանկացմանը. ՏՄՊՊՀ

ՀՀ ՏՄՊՊՀ-ն այսօր  ավարտել է «պանիր» ապրանքային շուկայի ուսումնասիրությունը և ուսումնասիրության արդյունքներն այսօր ներկայացվեցին հանրությանը:
 
Շուկայի կառուցվածքը
 
Պանրի շուկայում աշխատող 78 տնտեսվարող սուբյեկտներից Հանձնաժողովն իրենց գործունեության մասին մանրամասն տեղեկատվություն էր պահանջել առավել խոշոր 16 ընկերություններից:
 
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշվածներից ամենախոշորը «Աշտարակ կաթ» ընկերությունն է, որը գրավում է շուկայի ավելի քան 30 տոկոսը և ընդհուպ մոտեցել է գերիշխող սուբյեկտ ճանաչվելու համար անհրաժեշտ սահմանագծին:
Սակայն, գործող օրենսդորությամբ ընկերությունը չի կարող ճանաչել գերիշխող, անկախ շուկայում ունեցած իր ազդեցությունից:
 
Ներկայում ԱԺ-ում գտնվող օրենքի  փոփոխությունների նախագծի ընդունումից հետո  «Աշտարակ կաթը» արդեն առկա փաստերի հիման վրա կարող է ճանաչվել գերիշխող դիրք ունեցող:
 
Միաժամանակ չի բացառվում, որ մոտ ապագայում շուկայի նոր ուսումնասիրություն անցկացվի, որի արդյունքում ընկերությունը ճանաչվի գերիշխող դիրք ունեցող, քանի որ այն մեծ թափով ընդլայնում է իր գործունեությունը եւ առաջիկայում կարող է հատել անհրաժեշտ սահմանագիծը:
 
Գնի բարձրացման պատճառները
 
Ինչ վերաբերում է պանրի գնի բարձրացման պատճառներին, տեղեկատվություն ներկայացրած բոլոր 16 ընկերությունները դա հիմնականում պայմանավորել են կաթի գնի բարձրացմամբ:

Հանձնաժողովի ուսումնասիրությունը պարզել է, որ շուկայում, իրոք, առկա է մթերվող կաթի գնի բարձրացում, բայց և պարզվել է, որ պանրի գնի բարձրացումը համարժեք չէ կաթի թանկացմանը:
 
Պարզվել է նաև, որ պանրի գինն առաջինը բարձրացրել է հենց ամենախոշոր՝ «Աշտարակ կաթ» ընկերությունը: Մյուս արտադրողները հետևել են վերջինի վարքագծին: Ընդ որում, բարձրացումը տեղի է ունեցել ոչ միաժամանակ:
 
Ի դեպ, այս փաստերի ներքո, ուսումնասիրութան ընթացքում «Աշտարակ կաթն» արդեն 400-500 դրամով իջեցրել է պանրի գինը, ինչի մասին վկայում են երևանյան սուպերմարքեթներում Հանձնաժողովի իրականացրած մոնիթորինգի արդյունքները:
 
Ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը նաև պարզել է, որ ընտրված 16 ընկերություններն ապահովում են պանրի արդյունաբերական արտադրության շուրջ 80 տոկոսը: Մինչդեռ, ընկերություններից ստացված տեղեկատվությունը ԱՎԾ-ից ստացված տվյալների հետ համադրելիս, ստացվում է ընդամենը 7-8 տոկոս:
 
Անիրական համարելով ընկերությունների ներկայացրած տվյալները, Հանձնաժողովը ենթադրում է, որ առկա են ստվերային շրջանառության մեծ ծավալներ, ուստի և որոշում կայացվեց ուսումնասիրության արդյունքները տրամադրել հարկային մարմիններին:
 
Այլ խախտումներ
 
Ուսումնասիրությունը բացահայտեց մեկ կարևոր հանգամանք ևս.
 
2009թ-ի` տվյալներով պանրի արտադրության մեջ մեծ ծավալով կաթի փոշի է օգտագործվել: Մինչդեռ այս տարի բոլոր արտադրողները օգտագործել են միայն բնական կաթ: Արտադրողների այս պնդումներն արժանահավատ չհամարելով՝ Հանձնաժողովը փորձաքննության է ենթարկել կաթնամթերքի որոշ տեսակներ:
 
Փորձաքննության արդյունքները բացահայտել են ոչ միայն կաթի փոշու առկայություն, այլև կաթնային ծագում չունեցող որոշակի նյութեր, մասնավորապես՝ սոդա, որի օգտագործումը կաթնամթերքի արտադրության մեջ արգելված է կառավարության համապատասխան որոշումներով եւ հաստատված ստանդարտներով:
 
Փորձաքննության այս արդյունքներն էլ Հանձնաժողովը որոշեց տրմադրել Գյուղատնտեսության նախարարությանը՝ հետագա ուսումնասիրության համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏՄՊՊՀ-ից:

Tekali Taxi