Home / Армения / Դանիելյանին ազատել են աշխատանքից ենթակային չպատժելու համար

Դանիելյանին ազատել են աշխատանքից ենթակային չպատժելու համար

«Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ աշխատանքից ազատվել է Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը` իր աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով», – այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հնչեցրած իր խոսքում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա նշել է, որ հարկավոր է մեծ կարևորություն տալ բոլոր գերատեսչություններում էթիկայի կանոնների պահպանմանը և պաշտոնատար անձանց պահվածքին։

«Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը (Միհրան Պողոսյան – Epress.am) թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում։ Արդարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել նրան իր պահվածքի համար։ Ցավոք, նախարարը այս հանձնարարականը չի կատարել, և կարծում եմ, դա անթույլատրելի է։ Կհամաձայնեք, որ պաշտոնատար անձանց պահվածքը, մանավանդ, ենթակաների հետ, ունի էական նշանակություն։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրն ունենա զարգացման այնպիսի ընթացք, որը ներառված է կառավարության ծրագրերի մեջ, մեզնից յուրաքանչյուրի պահվածքից շատ բան է կախված։ Մենք պետք է խստապահանջ լինենք մեր ենթակաների նկատմամբ` անթույլատրելի համարելով այնպիսի պահվածքը« որն ուղղակի խաթարում է հանրության վստահությունը մեր նկատմամբ։ Այսուհետ էլ այդ առումով լինելու ենք շատ խստապահանջ», – ասել է ՀՀ վարչապետը։

Նշենք, որ Արդարադատության նախարարության կայքում երեկվա ամսաթվով տեղեկատվություն է տեղադրված, որում նշվում է, որ Արդարադատության նախարարի թիվ 234-Ա հրամանով ՀՀ ԱՆ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող Մ.Պողոսյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:

Լուսանկարը` azatutyun.am

Tekali Taxi