Home / Армения / Կրթության ոլորտն ամենակոռումպացվածն է Հայաստանում. հարցում

Կրթության ոլորտն ամենակոռումպացվածն է Հայաստանում. հարցում

«Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կոմից իրականացվող  «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր» (ԿՀԲ) հարցումը Հայաստանում անցկացվել է 2010 թ-ի հունիսի 10-ից 20-ը, և հարցումների մասնակիցների ուղիղ կեսի համաձայն` Հանրապետությունում վերջին երեք տարիների ընթացքում կոռուպցիայի մակարդակն աճել է:  Մեր երկրում միայն 15 տոկոսն է գտնում, որ այն նվազել է, մնացած 35 տոկոսի կարծիքով` կոռուպցիան մնացել է նույն մակարդակի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Թրանսփարենսի ինտերնեշնլ»-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոգտանյանը:

Ընդհանրապես, աշխարհի պայմանականորեն սահմանված ութ տարածաշրջաններից «ԱՊՀ+» հատվածն առավել «լավատեսորեն» տրամադրվածն է: Այստեղ հարցվածների միայն 45 տոկոսն է գտնում, որ կոռուպցիան վերջին երեք տարիներին աճել է, այն դեպքում, երբ «Եվրամիություն+» տարածաշրջանում այդպես է կարծում հարցվածների 73 տոկոսը: «ԱՊՀ+» տարածաշրջանում ԿՀԲ 2010-ի ամենալավատես երկիրը Վրաստանն է:

Հայաստանում վերջին երեք տարիների ընթացքում ամենակոռումպացված ոլորտ ընկալվում է կրթության համակարգը` իրենից հետ թողնելով երկրորդ-երրորդ տեղերը կիսող ոստիկանությանը և դատական համակարգին:

Ըստ ԿՀԲ-ի ուսումնասիրությունների` գրեթե ոչ մի երկրում կրթական համակարգը չի ընկալվում որպես ամենակոռումպացված ոլորտ:

Հայաստանում կոռուպցիայի դեմ իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը համարել է անարդյունավետ հարցվողների 53 տոկոսը, իսկ արդյունավետ` 27 տոկոսը: Մնացած 20 տոկոսի կարծիքով ոչինչ չի փոխվել: Այս առումով կարելի է համարել, որ Հայաստանը գրանցել է որոշակի հետընթաց նախորդ տարվա համեմատ, քանի որ անցյալ տարի իշխանությունների քայլերն արդյունավետ էր համարել հարցվողների 48, իսկ արդյունավետ` 38 տոկոսը:

Tekali Taxi