Home / Армения / Mastercard-ը Թուրքիայում լուրջ խնդիրներ է ունեցել Հայոց Ցեղասպանության պատճառով

Mastercard-ը Թուրքիայում լուրջ խնդիրներ է ունեցել Հայոց Ցեղասպանության պատճառով

Mastercard ընկերությունը Թուրքիայում լուրջ խնդիրների առաջ է կանգնել 2005 թվականին հայկական և քրդական հարցի պատճառով: Այս մասին նշված է WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթում, որը 2005 թվականի հունիսի 1-ին Ստամբուլում գտնվող ԱՄՆ հյուպատոսարանից ուղարկվել է Վաշինգտոն:

Փաստաթղթում նշվում է, որ մայսիսի 25-ին Ստամբուլում կայացած իտալական «Միլանի» և անգլիական «Լիվերպուլի» միջև Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպման ընթացքում («Լիվերպուլը» հաղթեց 11-մետրանոցներով – Epress.am) մրցաշարի հովանավոր Mastercard-ը VIP սրահում խաղից առաջ իր հյուրերին Թուրքիայի մասին պատմող «Lonely Planet» (Միայնակ մոլորակ) անունը կրող գրքույկներ է բաժանել: Գրքույկում տպագրված հոդվածում բրիտանացի լրագրողը պատմել է Թուրքիայում փոքրամասնությունների խնդիրների մասին՝ հիշատակելով 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը և քրդական հարցը: Լրագրողը գրել է, որ, չնայած հայերից շատերը դարի սկզբին լոյալ էին Օսմանյան կայսրության հանդեպ, ոմանք հեղափոխություն են բարձրացրել՝ ներգրավվելով ահաբեկչության մեջ, ինչը լուրջ հակահայկական տրամադրությունների առիթ է դարձել, որի արդյունքում «Ստամբուլում և այլ վայրերում անմեղ հայերի լայնածաված ջարդեր են տեղի ունեցել»: Քրդական խնդիրը լրագրողը կապել է Թուրքիայի Հանրապետության հիմանդիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ՝ նշելով, որ «Աթաթուրքն արգելել է քրդականության որևէ դրսևորում՝ ցանկանալով ձուլման ենթարկել քրդերին»:

Ամերիկացի դիվանագետները գրում են, որ այս հոդվածից հատվածներ է հրապարակել «Zaman» թերթը, որից հետո Mastercard-ը լուրջ խնդիրներ է ունեցել Թուրքիայում: Հազարավոր մարդիկ սպառնալիքներով զանգել են Mastercard-ի գրասենյակ, որից հետո ընկերությունը ստիպված է եղել ժամանակավոր փակել այն: Մի շարք հասարակական կազմակերպություններ կոչ են արել դադարել օգտվել ընկերության ծառայություններից: Ստամբուլի նահանգապետ Գյուլերը հայտարարել է, որ հրապարակումը «վիրավորանք է Թուրքիային»: Նա նշել է, որ պաշտոնյաները զբաղվելու են հրապարակումով՝ պարզելու համար, թե արդյոք դրանք քրեական պատասխանատվության ենթարկելու առիթ են հանդիսանում:

Ընկերությունը ստիպված է եղել պաշտոնապես ներողություն խնդրել և հայտարարել է, որ իրենք կապվել են «Lonely planet»-ի հեղինակների հետ և պահանջել են գրքույկից հանել «սխալ տեղեկատվությունը»:

Ամերիկացի դիվանագետները փաստաթղթում նշում են, որ Հայոց ողբերգության կամ փոքրամասնությունների խնդիրների մասին տեղեկատվություն զետեղելը մարզական գրքույկում սխալ է՝ հաշվի առնելով Թուրքիայում առկա զգայունությունը այդ հարցերի վերաբերյալ:

Tekali Taxi