Գլխավոր / Армения / Երևանում Ուկրաինայից բերված դելֆինները պարեցին ռուսերեն մեկնաբանությամբ

Երևանում Ուկրաինայից բերված դելֆինները պարեցին ռուսերեն մեկնաբանությամբ

Այսօր Երևանում տեղի ունեցավ Հայաստանում առաջին դելֆինարիումի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀԿ ներկայացուցիչներն ու  Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:

Դելֆինարիումի բացումն անցավ Ուկրաինայից բերված դելֆինների ու փոկերի պարային ու խաղային համարների ներքո` հաղորդավարի ռուսերեն մեկնաբանության ուղեկցությամբ: Հայերեն թարգամանություն չկար, ռուսերեն էր նաև լրագրողներին բաժանված մամուլի հաղորդագրության տեքստը: Գնացուցակը, ի դեպ, հայերեն էր:

Դելֆինները պարբերաբար դուրս էին ցատկում լողավազանից, իսկ երբ վարժեցնողը հրում էր նրանց ջրի մեջ, նրանք թափահարում էին գլուխները:

Դելֆինների ցանկացած թռիչքի ժամանակ առաջին շարքերում նստած հանդիսատեսների վրա ջուր էր ցայտում, իսկ դահլիճում տհաճ քլորի հոտ էր գալիս:

Գները նորաբաց դելֆինարիումում հետևյալն են` այցելությունը երկուշաբթիից կիրակի` ժամը 13:00-ին, 15:00-ին և 19:00-ին`  2000-3000 դրամ, բեմի վրա դելֆինների հետ լուսանկարվելու համար այցելուները պետք է վճարեն 3000 դրամ: Նաև հնարավորություն է ընձեռված լողալ և շփվել դելֆինների հետ, ինչն արժի 5000 դրամ և ավելին:

Դելֆինարիումը նախատեսել է նաև դելֆինաթերապիա` սեանսներ հոգեհուզական խնդիրներ ունեցող երեխաների համար, որի համար նախապես անհրաժեշտ է զանգահարել 077 169999, ինչպես նաև ուսուցում դելֆինների հետ լողալու համար: Այս ծառայության գները գնացուցակում նշված չէին:

Նշենք, որ բացման արարողության ժամանակ դելֆինարիումի շենքի մոտ հավաքվել էին հայաստանցի էկոակտիվիստները, ովքեր իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել դելֆինների շահագործման դեմ: Նրանց խոսքով` դելֆինարիումում անբավարար պայմաններ են ստեղծված ծովային կենդանիներին պահելու համար: Ի աջակցություն իրեն հայաստանցի համախոհներին` Ուկրաինայի էկոակտիվիստները նման ակցիա էին անցկացրել Կիևում` բնապահպանության նախարարության շենքի առջև:

Tekali Taxi