Գլխավոր / Armenia / «Ռասիստական դաշնություն». Ռուսաստանում փորձում են քողարկել նացիստների հանցագործությունները

«Ռասիստական դաշնություն». Ռուսաստանում փորձում են քողարկել նացիստների հանցագործությունները

Ռուսաստանում բարդ է ապացուցել, թե որ հանցագործություններն են կատարվում ազգատյացության, ռասիզմի  պատճառով: Իրավապահները շատ հաճախ նման հանցագործությունները ներկայացնում են որպես կենսական հողի վրա կատարված հանցագործություններ, փաստորեն, կոծկելով դրանք:

«Սովա» տեղեկատվական-վերլուծական  կենտրոնի տնօրենի տեղակալ Գալինա Կոժեվնիկովան Esquire հանդեսի ռուսաստանյան տարբերակի լրագրողին պատմել է, թե որ քաղաքներն են հատկապես առանձնանում ռասիստական հանցագործություններ թվով և ինչպես է փոխվել իրավիճակը վերջին տարիների ընթացքում: Esquire-ը հոդվածն անվանել է «Ռասիստական դաշնություն»:

«Նեոնացիաստական և  ռասիստական հողի վրա կատարվող հանցագործությունների ամենօրյա, համակարգված մոնիտորինգը  մենք սկսել ենք 2004 թվականից: Տեղեկատվությունը վերցնում ենք մի քանի աղբյուրներից:

Առաջին հերթին, դա մամուլն է, որտեղ  ամենից հաճախ են հայտնվում նման հաղորդումներ: Երկրորդը՝ Մոսկվայի հելսինկյան խմբի մոնիտորինգն է, բացի այդ մեր անձնական մոնիտորինգը, որը երկու տարի անցկացնում ենք ՌԴ 8 տարածաշրջաններում: Նաև իրավապահ մարմինների հաղորդումներն են և բլոգերը, որոնք նման տեղեկատվություն պարունակում են: Մենք կապվում ենք բլոգերի հետ և երբեմն պատասխան նամակ ենք ստանում: Լինում են դեպքեր, երբ տուժածներն իրենք են մեզ դիմում, բայց դա շատ հազվադեպ է լինում», – պատմում է «Սովայի» փոխտնօրենը:

Կոժեվնիկովայի խոսքով՝ իրավապահ մարմինները՝ հատկապես շրջաններում, տեղեկատվությամբ այդքան էլ հաճախ չեն կիսվում: Տեղեկատվություն կարելի է ստանալ նաև հակաֆաշիստական ֆորումներից, բայց այդտեղ ավելի շատ գեղարվեստական տեքստեր են, քան իրական փաստեր:

Կոժեվնիկովան նշում  է, որ նախկինում իրենց կենտրոնում համոզված էին, որ ռասիստական բնույթի  բոլոր հանցագործությունների չորրորդ մասը հայտնվում է իրենց տեղեկատվական բազայում:

«Բայց հիմա հասկանում ենք, որ կարող է լինել ավելի  քիչ: Դրա համար մի շարք պատճառներ  կան` ռասիստական հանցագործությունները բավականաչափ ձևափոխվել են: Հիմա նացիստները շատ հաճախ իրենց գործողությունները  քողարկում են ավազակային հարձակումների տակ, որովհետև գիտեն, որ այժմ նացիստական հարձակումները լրջորեն հետաքննվում են, հատկապես Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում, իսկ ավազակային հարձակման դեպքում չբռնվելու լավ հնարավորություն կա», – ասում է Կոժեվնիկովան:

Նա նշում է, որ այս պահին ամենավատ իրավիճակը  Նիժնի Նովգորոդում է:

«Նիժնիում նեոնացիստներին հայտնաբերում են, բայց եթե նրանք մարդ չեն սպանել բաց են թողում պայմանական պատժաժամկետ կիրառելով: Նիժնին Ռուստաստանում Մոսկվայից  և Պիտերից հետո ռասիստական բռնության կիրառմամբ երրորդ քաղաքն է, և երրորդն է նաև, որտեղ նացիստական ընդհատակ կա: Վերջին շրջանում վատթարանում է իրավիճակը Վլադիվոստոկում, ինչպես նաև Ստավրոպոլում, որտեղ նեոնացիստաներից բացի, սկսել են գործել կովկասցիների ազգայնամոլական խմբավորումներ: Մեր վիճակագրության մեջ չի մտնում Հյուսիսային Կովկասը, որտեղ մեր մոնիտորինգի հիմնական դրույթներն այնտեղ պարզապես չեն աշխատում», – պատմում է «Սովայի» փոխտնօրենը:

Միակ բանը, որ ուրախացնում  է, նշում է Կոժեվնիկովան, այն է, որ ռասիզմի հողի վրա կատարված հանցագործությունները սկսել են ընդունել հենց իրենք` իրավապահ մարմինները:

«Այժմ իրավապահները չեն վախենում նման մեղադրանքներով դատարան գնալ: Վերջին տարիներին այս ոլորտում դատավճիռների և մեղավոր ճանաչված անձանց քանակը կտրուկ աճել է: Բայց մեծ  հաշվով միակ քաղաքը, որտեղ իրավապահ մարմինների ակտիվ աշխատանքն օգնել  է փոխել իրավիճակը դա Վորոնեժն է: Մյուս բոլոր ոչ մայրաքաղաքային վայրերում իրավիճակը միայն վատանում է», – եզրափակել է Կոժեվնիկովան:

Tekali Taxi