Գլխավոր / Հայաստան / Օբաման անձամբ նշանակեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին

Օբաման անձամբ նշանակեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 29-ին ԱՄՆ վարչակազմի 6 պաշտոնյաների նշանակում է իրականացնել, որոնց թվում` 4 դեսպաններ:

Համաձայն Օբամայի որոշման, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը կստանձնի ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, հաղորդում է CNN-ը: Բացի Բրայզայից, Օբաման նշանակել է նաև Սիրիայի, Թուրքիայի և Չեխիայի դեսպաններին:

Նշենք, որ դեսպանների թեկնածությունները ըստ կարգի պետք է հաստատի ԱՄՆ Սենատը, սակայն եթե Սենատն արձակուրդում է, ապա դեսպաններին նշանակելու պարտավորություններն իր վրա կարող է վերցնել անձնապես ԱՄՆ նախագահը:

Այս դեպքում դեսպանները կարող են աշխատանքի անցնել առանց Սենատի հաստատման, սակայն եթե մինչև ԱՄՆ Սենատի հաջորդ նստաշրջանի ավարտը (այս դեպքում 2011թ. դեկտեմբեր) նրանց թեկնածությունն այդպես էլ չհաստատվի Սենատում, ապա Օբամայի հրամանը կկորցնի իր ուժը:

4 դեսպաններից առնվազն երկուսի թեկնածությունը Սենատը լուրջ քննարկման կենթարկի: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների ճնշման ներքո Սենատը 2010 թվականի ընթացքում չէր հաստատում Մեթյու Բրայզայի թեկնածությունը: Այս տարվա սեպտեմբերի 21-ին Սենատի արատքին հարաբերությունների կոմիտեն բուռն քննարկումների արդյունքում կողմ քվեարկեց Բրայզայի թեկնածությանը, սակայն Դեմոկրատական կուսակցության երկու ներկայացուցիչներ` Բարբարա Բոքսերը` Կալիֆորնիայից և Ռոբերտ Մենենդեսը` Նյու Ջերսիից օգտվեցին իրենց իրավունքից և առկախեցին դիվանագետի թեկնածությունը:

Հաջորդ տարի, փաստորեն, Սենատը կրկին պետք է անդրադառնա Բրայզայի թեկնածության քննարկմանը, չնայած որ դիվանագետը կսկսի աշխատել որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան:

Որոշ սենատորներ Օբամայի նշանակումներից ևս մեկը խնդրահարույց են համարում: Խոսքը Սիրիայում նոր դեսպան Ռոբերտ Ֆորդի մասին է: Սակայն այս դեպքում խնդիրը կապված ոչ թե Ֆորդի անձի, այլ Սիրիայում դեսպան ունենալ-չունենալու անհրաժեշտության հետ: Միացյալ Նահանգները դեռևս 2005 թվականին հետ էին կանչել իրենց դեսպանին Սիրիյաից: Դա տեղի էր ունեցել Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո, որում ԱՄՆ մեղադրել էր Սիրիային:

«Սիրիայում դեսպան նշանակելը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներն ընդունում են Դամասկոսում գործող ռեժիմը»,- Օբամայի որոշումից հետո հայտարարել է Հանրապետական սենատոր Իլեանա Ռոս-Լեհտինենը, ով 2011 թվականին զբաղեցնելու է Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավարի պաշտոնը: Ռոս-Լեհտինենի խոսքով` Սիրիան շարունակում է անընդունելի քաղաքականություն վարել ԱՄՆ-ի գործընկերների, հատկապես, Իսրայելի դեմ:

Հավելենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան է նշանակվել Ֆրենսիս Ռիկարդոնեն, իսկ Չեխիայում` Նորման Էյզենը:
Tekali Taxi