Գլխավոր / Հայաստան / Թուրքիայում ընդունված օրենքը չի օգնի հայերին հեռուստաալիք բացել

Թուրքիայում ընդունված օրենքը չի օգնի հայերին հեռուստաալիք բացել

Թուրքիայի խորհրդարանը նոր օրենք է ընդունել, համաձայն որի երկրում գործող հեռուստատեսություններն ու ռադիոկայանները հնարավորություն կունենան իրենց հաղորդումները հեռարձակել օտար լեզուներով:

Եվս մեկ ընդունված օրենքի համաձայն` Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող անձինք իրավունք կունենան ձեռք բերել լրատվական գործունեությամբ զբաղվող թուրքական ընկերությունների բաժնետոմսերի մինչև 50 տոկոսը:

Մինչև օրենքի ընդունումն օտար լեզուներով հեռարձակումը կարող էին իրականացնել միայն հատուկ արտոնագիր ունեցող մի քանի հեռուստաալիքներ և ռադիոկայաններ, իսկ արտասահմանից ներդրողների մասնաբաժինը թուրքական լրատվամիջոցներում չէր կարող գերազանցել 25 տոկոսը:

Հիշեցնենք, որ դեռևս 2008 թվականին խորհրդարանն իրավունք էր տվել TRT 6 ալիքին հեռարձակումներ իրականացնել միայն քրդերեն լեզվով: Երկու տարվա ընթացքում ևս 14 ռադիոկայաններ և հեռուստաալիքներ հնարավորություն էին ստացել հեռարձակումների մի մասն իրականացնել օտար լեզուներով: Մասնավորապես, թուրքական պետական ռադիոկայաններից մեկն օրական կես ժամ լուրեր է հեռարձակում նաև արևելահայերենով:
Եթե Թուրքիայի Պետական խորհուրդն այժմ վավերացնի տվյալ օրենքները, Թուրքիայում տեսականորեն կարող է գործել հայալեզու հեռուստաալիք կամ ռադիոկայան 50 տոկոս արտասահմանյան կապիտալով:

Epress.am-ի հետ զրույցում Ստամբուլում թուրքերեն և հայերեն լեզուներով լույս տեսնող «Ագոս» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր Արիս Նալջին նշել է, որ իրականում նման բան տեղի չի ունենա:

Օրենքի հեղինակները, առաջին հերթին, նկատի են ունեցել ազգային փոքրամասնություններին, իսկ ավելի կոնկրետ` քրդերին, որոնք կկարողանան հեռարձակել իրենց լեզվով հաղորդումները շրջաններում:

Արիս Նալջիի խոսքով` հայերը, որոնք Թուրքիայում կրոնական փոքրամասնություն են համարվում, տեսականորեն նույնպես կարող են մասնավոր ռադիոկայան կամ հեռուստաալիք բացել, սակայն դա անհավական է, որովհետև մեծ գումարների հետ է կապված: Բացի այդ, հաղորդումները ենթակա են գրաքննության:

«Թուրքիայի նախագահի հրամանով ալիքը կամ ռադիոկայանը յուրաքանչյուր պահի կարող է փակվել, այնպես որ, օրինակ, սուր քաղաքական հաղորդումների հեռարձակումն անհնար է», – ասել է «Ագոսի» պատասխանատու խմբագիրը:

Tekali Taxi