Գլխավոր / Հայաստան / Վրաստանը փորձում է պաշտպանվել «հայկական կեղծումներից»

Վրաստանը փորձում է պաշտպանվել «հայկական կեղծումներից»

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան հայտարարել է, որ 2011 թվականին երկրի իշխանությունները պատրաստվում են արտոնագրել վրացական ողջ արտադրանքը:

«Новости-Грузия» գործակալության փոխանցմամբ` Կոբալիայի նման որոշումը կապված է այն հանգամանքի հետ, որ ֆրանսիական խանութներում հայտնվել են վրացական ապրանքներ, որոնց պիտակների վրա որպես արտադրող պետություն նշված է Հայաստանը:

«Նման դեպքեր այլ երկրներում նույնպես գրանցվել են, սա առավել ծանր հանգամանք է մեզ համար, քանի որ, այլ երկրների համեմատ, մեր արտահանման ծավալները շատ ավելի փոքր են: Այդ իսկ պատճառով մենք պետք է արագ և արդյունավետ միջոցներով լուծենք այս խնդիրը: Նրանից հետո, երբ վրացական ապրանքանիշերը գրանցվեն, կկարողանանք դիմել այն ընկերություններին, որոնք կեղծ արտադրանք են տալիս, և իրավաբանական հիմքերով կպահանջենք շրջանառությունից դուրս բերել արտադրանքը»,- հայտարարել է Կաբոլիան:

Նա վստահեցրել է, որ արտոնագրվելու են նաև աբխազական ապրանքները, որպեսզի այդ դեպքերում էլ կեղծումները բացառվեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հաղորդել էին հայերի կողմից վրացական մթերքների «հեղինակային իրավունքների» խախտման դեպքերի մասին: Դեպքը գրանցվել էր Ֆրանսիայում, որտեղ տարբեր առևտրի կենտրոններում հայտնվել էին վրացական չուրչխելա, հաց, խաչապուրի, որոնք գնորդներին ներկայացվել էին որպես հայկական ազգային ուտեստ:

Նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև ԱՄՆ-ի տարբեր խանութներում, որտեղ, օրինակ հայտնի վրացական հանքային ջուր «Բորժոմին» նույնպես ներկայացված է եղել որպես հայկական ապրանքանիշ:

Tekali Taxi