Գլխավոր / Հայաստան / 2022թ. Աշխարհի գավաթը կարող է անցկացվել ձմռանը

2022թ. Աշխարհի գավաթը կարող է անցկացվել ձմռանը

2022 թվականի ֆուտբոլի Աշխարհի գավաթը կարող է անցկացվել ոչ թե ամռանը, ինչպես սովորաբար, այլ հունվար ամսին: Reuters-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը` Քատարի մայրաքաղաք Դոհա իր այցելության ընթացքում:

Հիշեցնենք, որ 2010 թվականի վերջին ՖԻՖԱ-ն աննախադեպ որոշում էր կայացրել` 2022 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության անցկացման վայր ընտրելով Քատարը: Այս որոշումը խիստ քննադատության էր արժանացել մասնագետների կողմից, ովքեր նշել էին, որ ամռանը Քատարում ֆուտբոլ խաղալ հնարավոր չէ, քանի որ օդի ջերմաստիճանը հասնում է +45-ի: Ձմռանը Քատարում ջերմաստիճանը հասնում է առավելագույնը +30-ի:
Զեպ Բլատերը զերծ էր մնում մեկնաբանություններից, սակայն նրա լռությունը երկար տևել չէր կարող:

«Մենք դեռ ժամանակ ունենք, դեռ 11 տարի առջևում է, և մենք պետք է որոշենք` որն է առաջնությունն անցկացնելու ճիշտ ժամանակը: Կարծում եմ` Աշխարհի գավաթը կարող է ձմռանն անցնել», – հայտարարել է Բլատերը:
ՖԻՖԱ-ի նախագահի հայտարարությունը, անկասկած, լուրջ քննարկամն և դժգոհությունների առարկա կդառնա ֆուտբոլային աշխարհում:

Նշենք, որ համաշխարհային ֆուտբոլային լիգաներն իրենց առաջնություններն անցկացնում են սեպտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում: Մասնավորապես, դա վերաբերում է Անգլիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի առաջնություններին, ինչպես նաև Չեմպիոնների Լիգային:

Հունվարին Աշխարհի գավաթի անցկացումն ամբողջովին կփոխի ֆուտբոլային օրացույցը, և դեռ պարզ չէ` արդյոք առաջատար լիգաների ղեկավարները, որոնք հարյուրավոր միլիոնների պայմանագրեր են կնքում հովանավորների և հեռուստաալիքների հետ, պատրաստ կլինեն զոհողությունների գնալ ՖԻՖԱ-ի որոշման պատճառով:

Tekali Taxi