Գլխավոր / Հայաստան / ՀԱԿ ներկայացուցիչը Պանթեոնում Օհան Դուրյանին խոստացավ հաղթել

ՀԱԿ ներկայացուցիչը Պանթեոնում Օհան Դուրյանին խոստացավ հաղթել

Այսօր Երևանի Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում ժամը 12-ից սկսած հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն էին տալիս մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանին:

Օհան Դուրյանի ընտանիքին ցավակցելու էին եկել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Քաղաքացիական հոգեհանգստին ներկա չէին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, ով մեծ շքախմբով, բազմաթիվ ԲՀԿ-ական երիտասարդներով շրջապատված էր եկել հրաժեշտ տալու մեծանուն երաժշտին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Օհան Դուրյանին հրաժեշտ տալու եկավ միայնակ, ներս մտավ ենտամուտքից և նույն ճանապարհով էլ հեռացավ:

Այդ ընթացքում Օպերայի և բալետի շենքի մուտքի մոտ կանգնած էր ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Թե Տեր-Պետրոսյանը, թե ՀԱԿ անդամ կուսակցությունների առաջնորդները ներկա էին քաղաքացիական հոգեհանգստի ողջ ընթացքում, ինչպես նաև Պանթեոնում` Օհան Դուրյանի հուղարկավորության ժամանակ:

Պանթեոնում ընդամենը մեկ ելույթ հնչեց. Օհան Դուրյանի մասին խոսեց ՀԱԿ անդամ, բժիշկ Վահան Վարդապետյանը:

«Հեռացավ մեզանից աննկարագրելի, անչափելի, անհասանելի մի մեծություն և բարությունն ու ազնվությունն այնքան պակասեց, համարձակությունն ու արժանապատվությունը այնքան նվազեց, անկեղծությունն ու ճշմարտությունն այնքան քչացավ: Ու սարսափում եմ, թե որքան կմեծանա չարի, նախանձի ստորաքարշության տեսակարար կշիռը: Ահա սրանից է մեր կորուստն ու վիշտը հազարապատկվում», – ասել է Վարդապետյանը:

Նա նշել է, որ Դուրյանն ինքնին երևույթ ու ֆենոմեն է, ինքն արդեն արվեստ ու փիլիսոփայություն է, հավերժություն ու անմահություն:

Ավարտելով խոսքը` կոչ է արել գնահատել միմյանց, հատկապես մեծություններին, հատկապես կենդանության օրոք:

«Սովորենք արժեքներ գնահատել: Սիրելի մաեստրո, քեզ վշտացրած, վիրավորած ոճրագործ իշխանավորի, ծախված ու կաշառված արվեստագետի, քեզ ցավ պատճառած յուրաքանչյուր նվաստի փոխարեն ես մեղքերի թողություն եմ հայցում, իսկ քեզ խոնարհաբար խոստանում եմ` մենք հաղթելու ենք…», – եզրափակել է Վահան Վարդապետյանը:
Tekali Taxi