Գլխավոր / Հայաստան / Հայաստանում ցանկանում են միավորել ազատականներին համացանցի միջոցով

Հայաստանում ցանկանում են միավորել ազատականներին համացանցի միջոցով

Հայաստանում փորձ է արվում համացանցի միջոցով միավորել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ազատականներին և նրանց համատեղ առցանց գործունեությունը ծառայեցնել ի շահ երկրի ու ժողովրդի` ստեղծելով Առցանց Ազատականների Ալյանս կամ 3Ա: Այս մասին ասված է ՀԱԿ անդամ, 3Ա-ի նախաձեռնող Կարապետ Ռուբինյանի կողմից իր ֆեյսբուքյան էջի օգնությամբ տարածած հայտարարության մեջ:

«3Ա-ում միասին փորձելու ենք ոչ միայն քաղաքական գործունեության նոր ձևեր կիրառել, այլև հիմնել ազատականության և ժողովրդավարության հայ հասարակության համար նոր ավանդույթներ, այն է` գործունեության լիակատար թափանցիկություն, ֆինանսական լիակատար անկախություն, անդամների լիակատար հավասարություն, ներքին կառավարման խորը ժողովրդավարացում ու ղեկավար մարմինների հաճախակի, մրցակցային ընտրություններ», – նշում են նախաձեռնության հեղինակները:

3Ա-ի պաշտոնական կայքը գործելու է http://groupspaces.com/aaa/ հասցեով: Հայտարարության մեջ նշվում է, որ սա փակ խումբ է, որին առաջին առցանց համագումարից առաջ կմիանան բոլոր 3Ա-ին պաշտոնապես անդամագրվել ցանկացողները:

3Ա-ն մոտակա մեկ-երկու ամսում նախատեսում է ձևավորել 10-15 հոգանոց, 3Ա-ի առցանց համագումարը նախապատրաստող նախաձեռնող խումբ:

Նախաձեռնող խումբը վերջնամշակելու և հաստատելու է հիմնադիր փաստաթղթերը և հրավիրելու և անցկացնելու է 3Ա-ի առաջին առցանց համագումարը` որտեղ հաստատվելու են 3Ա-ի հիմնադիր փաստաթղթերը և ընտրվելու են 3Ա-ի ղեկավար մարմիններ:

Epress.am-ի հետ զրույցում Կարապետ Ռուբինյանը նշել է, որ միայն առցամց համագումարից հետո պարզ կլինի, թե տվյալ նախաձեռնությունը կլինի հասարակական, թե քաղաքական բնույթի:  Նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր ցանկացողները` անդամակցելով 3Ա-ին կամ պարզապես որպես համակիր հանդես գալով:

Նշենք, որ Կարապետ Ռուբինյանը, անցյալ տարի հուլիսին կայացած ՀՀՇ-ի համագումարում չընտրվեց վարչության անդամ, որից հետո հանդես եկավ հայտարարությամբ, որում քննադատեց համագումարի կայացրած որոշումը: Հետագայում ՀՀՇ և ՀԱԿ անդամների հետ մի քանի հանդիպումներից հետո նա հայտարարեց, որ խնդիրները հարթվել են:

Tekali Taxi