2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Վրաստանի ռազմակայանում պայթյուն է տեղի ունեցել. կան տասնյակ տուժածներ

Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վրաստանի Պաշտպանության նախարարության Կրցանիսկի ռազմակայանի տարածքում այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում, նախնական տվյալների համաձայն, երեք զինվորական է զոհվել, նվազագույնը 20 հոգի` վիրավորվել:


Ինչպես տեղեկացնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, Ռուսթավիի հիվանդանոց են ժամանել Վրաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Նրանց թվում է եղել Վրաստանի Միացյալ շտաբի ղեկավար Դևի Չանկվետաձեն: Նա հրաժարվել է պատահարի վերաբերյալ մեկնաբանություններ անել: Հիվանդանոցում ակնկալում են տեսնել նաև Պաշտպանության նախարար Բաչո Ախալայաին:


Նախնական տվյալների համաձայն` կախված վնասվածքի ծանրության աստիճանից, տուժածների մի մասը կտեղափոխվի Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներ:


Պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստան մեկնելու համար նախապատրաստվող զինվորների ուսումնական վարժանքների ժամանակ: Պատահարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11:00-ին: Պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, 120 միլիմետրանոց ականը պայթել է տեխնիկական սխալի պատճառով:


Ռազմական-ուսումնական կենտրոնը տեղակայված է Թբիլիսիից Ռուսթավի տանող մայրուղու վրա: