2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Երևանի քաղաքապետը կադրային ջարդ է իրականացնում

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կադրային ջարդ է սկսել քաղաքապետարանում: Կարապետյանի նորանշանակ մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանը:

Ըստ Սարդարյանի, երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Այդ պաշտոններում նոր նշանակումներ դեռ չկան, և թեկնածուների անուններ էլ դեռ չեն շրջանառվում:


Հիշեցնենք, որ երեկ աշխատանքից ազատվել է նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Համլետ Մարգարյանը: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Էդիկ Մուշեղյանը:


«Հայկական ժամանակի» տեղեկություններով, արդեն աշխատանքից ազատվելու դիմում են գրել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, աշխատանքից ազատվելու են նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը: Վերոնշյալ բոլոր անձինք համարվում են Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մարդիկ: Այս ամենի կապակցությամբ, սակայն, Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղարը «ՀԺ»-ին ասել է. «Նման բան այս պահի դրույթամբ չկա»:


Օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում պաշտոնանկ են արվելու նաև մի շարք վարչությունների պետեր` սկսած կրթության վարչությունից, վերջացրած կոմունալով:


Այս կապակցությամբ Շուշան Սարդարյանն ասել է, որ ներկայումս մշակվում է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նոր կառուցվածք, որը կներկայացվի Երևանի ավագանուն, և համապատասխանաբար կլինեն որոշ փոփոխություններ:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին` քաղաքապետ ընտրվելու օրը, Կարեն Կարապետյանն իր ելույթում, մասնավորապես ասել էր.


«Կադրային ջարդի, ցեղասպանության ցանկություն չկա, բայց լինելու են խաղի կանոններ և լինելու են պահանջներ կառավարիչների նկատմամբ: Ովքեր պահանջներին բավարարելու են, մնալու են, ովքեր ոչ` գնալու են»: