Գլխավոր / Հայաստան / Ի հեճուկս Բաքվի` ԼՂՀ-ում հատուկ ուշադրությամբ կվերաբերվեն լեհերին

Ի հեճուկս Բաքվի` ԼՂՀ-ում հատուկ ուշադրությամբ կվերաբերվեն լեհերին

Վերջին ժամանակներս Բաքվի քարոզչամեքենայի շահարկումների առարկա է դարձել Ադրբեջանում Լեհաստանի դեսպանության կայքէջում տեղադրված` Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրությունը, որի առիթը 2010 թվականի դեկտեմբերին Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Թոմաշ Պորեբայի այցն էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին ասված է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

ԼՂՀ ԱԳՆ նշում է, որ Լեռնային Ղարաբաղ այցելությունների անցանկալիության վերաբերյալ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունը երաշխավորական-տեղեկատվական բնույթ է կրում, ինչի մասին, մասնավորապես,  վկայում է այն, որ Լեհաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջում նշված տեղեկատվությունը բացակայում է:

«Այդուհանդերձ, տարօրինակ է մնում Լեհաստանի իշխանությունների դիրքորոշումը, քանի որ  նաև այդ երկիրն է նախաձեռնել ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որը հիմնված է ժողովրդավարության և  միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Արդյո՞ք լեհական իշխանությունները դրանով իսկ չեն ոտնահարում իրենց քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Չէ որ դեռ ոչ մեկի կողմից չի բեկանվել ազատ տեղաշարժվելու և ճշմարտացի տեղեկատվություն ստանալու մասին իրավունքի միջազգային համաձայնագիրը: Միանգամայն տեղին կլինի հարց ուղղել Լեհաստանի արտաքին գործերի նախարար պան Ռադոսլավ Սիկորսկուն, թե արդյոք տվյալ սահմանափակումը տարածվում է նաև լեհ քաղաքացի Անջեյ Կասպշիկի վրա (Կասպշիկը ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչն է, ով հաճախ է այցելում ԼՂՀ – Epress.am)», -նշված է ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

ԼՂՀ արտաքին գործերի գերատեսչությունը նշում է, որ աշխարհում տարեցտարի աճում է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ, չնայած Ադրբեջանի ակտիվ հակազդեցությանը և այն բանին, որ ԼՂՀ այցելող օտարերկրյա քաղաքացիները հայտարարվում են «նոն գրատա» անձինք.

«Զբոսաշրջիկներին հրապուրում են հինավուրց պատմական հուշարձանները, շքեղ բնությունը, առողջ բնապահպանական միջավայրը  և այլն: Սակայն, նրանց խոսքերով, երկրի հիմնական հարստությունը կազմում են նրա բարյացակամ և հյուրասեր մարդիկ: Անկասկած, այսուհետև ԼՂՀ-ում առանձնահատուկ ուշադրությամբ կվերաբերվեն Լեհաստանի քաղաքացիներին, ովքեր անտեսելով արհեստական արգելքները, կայցելեն ԼՂՀ»:

Tekali Taxi