Գլխավոր / Հայաստան / Հայաստանում ոտնահարվում են քաղաքական ազատությունները. Freedom House

Հայաստանում ոտնահարվում են քաղաքական ազատությունները. Freedom House

Հայաստանում դավանանքի ազատությունը հիմնականում հարգված է, թեև Հայ Առաքելական եկեղեցին որոշակի արտոնություններ ունի, իսկ կրոնական  փոքրամասնությունների ներկայացուցիչները երբեմն խտրականության խնդրի առջև են կանգնում: Այս մասին ասված է Freedom House միջազգային կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2010» զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածում:

2009թ. վերջի դրությամբ 76 Եհովայի վկաներ եղել են բանտարկված, քանի որ հրաժարվել են ծառայել հայկական բանակում:

Ըստ զեկույցի` Հայաստանի կառավարությունը հիմնականում չի սահմանափակում ակադեմիական ազատությունները: Նշվում է, որ հանրակրթական դպրոցներում պարտադիր ուսուցանվում է Եկեղեցու պատմությունը, ինչպես նաև ցուցադրված են երկրի նախագահի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի նկարները:

Ինչ վերաբերում է քաղաքական ազատություններին, ապա Freedom House-ը նշում է, որ Հայաստանի կառավարությունը սահմանափակում է հավաքներ անցկացնելու ազատությունը: 2009թ. ընթացքում քաղաքապետարանը հիմնականում մերժել է ընդդիմության` հավաքներ անցկացնելու մասին հայտերը: Իսկ հանրահավաքների օրերին դեպի քաղաք տանող ճանապարհներն արգելափակվում էին: Ոստիկանությունը շարունակում է բռնություն կիրառել հանրահավաքների մասնակիցների հանդեպ:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի դատական համակարգին, որը, ըստ զեկուցի հեղինակների, գտնվում է գործադիր իշխանության ճնշման տակ և աչքի է ընկնում կաշառակերության դեպքերով: Ոստիկանությունն առանց ծանուցման ձերբակալություններ է իրականացնում, ձերբակալման կամ հարցաքննության ընթացքում դիմում ծեծի ու բռնության: Բանտերում իրավիճակը նույնպես խղճուկ է:

Երկրում փոքրամասնությունների ներկայացուցիչները հազվադեպ են տեղյակ պահում խտրականության դեպքերի մասին, սակայն բողոքում են, որ հնարավորություն չունեն կրթություն ստանալ իրենց մայրենի լեզվով: Եզդիների համայնքի ներկայացուցիչները երբեմն հայտնել են ոստիկանության կամ տեղական իշխանություների կողմից խտրականության դրսևորման դեպքերի մասին:

Նշենք, որ Հայաստանն այս տարվա զեկույցում  դասվել է մասնակի ազատ երկրների շարքին:
Tekali Taxi