Գլխավոր / Հայաստան / «Ի՞նչ կապ ունեն մոլլի բեղերը ստեղ». Պատասխան եկեղեցուն

«Ի՞նչ կապ ունեն մոլլի բեղերը ստեղ». Պատասխան եկեղեցուն

«Իմ դեմ բաց նամակ տպագրվեց, ենթադրում եմ, որ ամենավերևից, Էջմիածնից: Սրբազանը գրում է, թող սրբազանն էլ իր անունից տպագրի», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը` մեկնաբանելով իր քննադատությունից հետո հրապարակված բաց նամակը: Նշենք, որ նախկին վարչապետը իր ելույթներում առաջարկել էր հարկել եկեղեցին:
«Ես ընդամենն ասել եմ և հիմա էլ եմ պնդում, որ առաջինը` ձեր հաշվետվությունը տպագրեք, ձեր բալանսը, ով է հաստատում ձեր բյուջեն ընդհանրապես: Հետո` ինչի եք զարմանում, որ Եհովայի վկաներն ավելանում են: Ինչի պիտի ես հավատամ էդ մութ, ոչ թափանցիկ եկեղեցուն», – ասել է Բագրատյանը և բերել օրինակ, երբ քաղաքացիները` գումար չունենալով, լքում են եկեղեցին առանց մոմ վառելու:

«Ամոթ է, աշխարհում տենց եկեղեցի չկա` նույնիսկ Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան. մտել ես, մոմը վերցնում վառում ես: Ընդհանրապես մոմը չեն ծախում աշխարհում», – հայտարարել է Բագրատյանը` հարց բարձրացնելով` հնարավոր է արդյոք ինչ-որ բան փոխել Հայ Առաքելական եկեղեցու ներսում, թե «վերջնականապես աղանդ է սա»:

Բագրատյանն օրենքի խախտում է արձանագրել եկեղեցու գործողություններում: Ըստ նրա` եկեղեցին պետք է ՀԴՄ կտրոններ տրամադրի. «Երբ որ գնում ես, քավորի ծառայություն ես վերցնում, ՀԴՄ կտրոններ թող հանեն ու տան»:

Անդրադառնալով իր հասցեին հնչած մեղադրանքներին` «բա որ մենք կռվում էինք, դու ուր էիր», Հրանտ Բագրատյանը նշել է, որ հենց իր` վարչապետի պաշտոնը զբաղեցնելու օրոք են եղել բոլոր հաղթանակները:

«Հենց իմ օրոք ես սարքեցի ավիացիան, խփում էինք ցանկացած ինքնաթիռ, հենց իմ օրոք սկսեցինք գերիներին հետ տալ ադրբեջանցիներին, սկսեց նրանց բանակը չկռվել, գերիներին սկսեցինք նորմալ վերաբերվել, դրանից նրանց մարտունակությունն ընկավ, իմ օրոք եղան ռեզերվիստները, որովհետև 18-20 տարեկանները քիչ էին», – հիշել է Բագրատյանը:

«Իսկ եկեղեցին ինձ նկատողություն է անում, չի ասում` արա, էս մարդը լրիվ ուրիշ բան է ասում, ասում է կարգի բերեք ձեզ: Ինչ կապ ունեն մոլլի բեղերը ստեղ»:

Հարցին, թե ինչու եկեղեցին իրեն «կարգի չի բերում», Բագրատյանը պատասխանեց. «Մաֆիա է: Թափանցիկ չի: Մինչև հիմա մի հատ թուղթ չունեն, ինչպես է, ասենք, կաթողիկոսն ընտրվում, անհարմար ձևի. ով որ շատ զոռի, նա էլ դառնում է կաթողիկոս», – հավելել է ՀԱԿ անդամը:
Tekali Taxi