Գլխավոր / Հայաստան / Հայաստանն ափսոսում է Թուրքիայի վարքի համար. Կիպրոսն աջակցում է հայերին

Հայաստանն ափսոսում է Թուրքիայի վարքի համար. Կիպրոսն աջակցում է հայերին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ այսօր պետական այցով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն:
Կիպրոսի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Դեմետրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն. Սերժ Սարգսյանը և Դեմետրիս Խրիստոֆիասը համատեղ հռչակագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին:

Հռչակագրում կողմերն ընդգծել են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման հիման վրա հարևան պետությունների հետ առանց նախապայմանների, բնականոն հարաբերություններ հաստատելու և զարգացնելու անհրաժեշտությունը:

«Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Կիպրոսի հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերին` քաղաքական հավասարությամբ երկգոտի և երկհամայնքային դաշնության հիմքի վրա, ինչպես նկարագրված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերում: Հայաստանի Հանրապետությունը նաև գնահատում է Կիպրոսի Հանրապետության ստեղծագործական մոտեցումը և նախաձեռնություններն ուղղված Կիպրոսի հիմնախնդրի լուծմանը, և ափսոսանք է հայտնում, որ թուրքական կողմը պատշաճ կերպով չի արձագանքում այդ քայլերին», – ասված է Հռչակագրի մեջ:

Հռչակագրի տեքստով Կիպրոսի Հանրապետությունը, իր հերթին, իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում և շեշտում է, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ միջոցներով, առանց ուժի կիրառմանը դիմելու և բանակցությունների միջոցով` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա:

«Կիպրոսի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության կառուցողական ջանքերին ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում ընթացող բանակցությունների միջոցով, որոնք հիմնված են Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկած տարրերի վրա, որոնք, ի թիվս այլոց, ներառում են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով», – մասնավորապես, նշված է Հռչակագրում:
Tekali Taxi