Գլխավոր / Հայաստան / Կոնգրեսը Համմարբերգի հետ հանդիպումը կառուցողական է համարում

Կոնգրեսը Համմարբերգի հետ հանդիպումը կառուցողական է համարում

Հայ ազգային կոնգրեսի այսօրվա քաղխորհրդի նիստի ժամանակ տեղեկատվություն է  ներկայացվել  ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս  Համմարբերգի հետ Կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպման մանրամասների մասին: Նույն համատեքստում քննարկվել են ընդդիմության անելիքները: Շարունակվել են  նաև ընթացիկ հարցերի և ռազմավարության հարցերի քննարկումները: Այս մասին նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ երեկ Թոմաս Համմարբերգը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և Կոնգրեսի երեք ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով հանդիպմանը` Լևոն Զուրաբյանն այն գնահատել է որպես  շատ կառուցողական:

«Համմարբերգին հետաքրքրող բոլոր հարցերի մասին տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն և մենք հույս ունենք, որ շատ անաչառ զեկույց կհարապարակվի այդ հարցերի վերաբերյալ, որոնք մտնում են Համմարբերգի մանդատի մեջ»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Խոսելով նաև Եվրոպայի Խորհրդի աշխատանքի մասին` կապված Հայաստանի հետ, Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Կոնգրեսի տեսակետը, որ ԵԽ-ի մոտեցումները և աշխատանքը` կապված Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի և ժողովրդավարական ազատությունների հաստատման հետ, համարժեք չեն: Զուրաբյանը նշել է, որ այդ քննադատությունն իրենք ներկայացրել են Համմարբերգին:

«Համմարբերգը առաջին պաշտոնյան չի, որին մենք դա ներկայացնում ենք, մենք դա պարբերաբար մեր բոլոր  շփումներում ներկայացնում ենք ԵԽ-ի տարբեր ղեկավար մարմիններին, մոնիտորինգային հանձնաժողովին, գլխավոր քարտուղարին: Համմարբերգը այն գործիչն է, որը մեծ նպաստ ունի այդ հարցերում առաջընթաց ապահովելու գործում: Ըստ երևույթին, նրանք կարծել են, որ իշխանությունները կամաց-կամաց այս հարցերը կլուծեն, բայց հիմա ԵԽ-ում արդեն ձևավորվել է այն կարծիքը, որ, այնուամենայնիվ, պետք է ավելի լուրջ քայլեր անել, որպեսզի Հայաստանի  իշխանությունները կատարեն իրենց պարտավորությունները: Ես կարծում եմ, որ արդեն այն հանգամանքը, որ Համմարբերգը նման այց նախաձեռնել է և ունենում է այն հանդիպումները, որոնք ունենում է, արդեն գնահատական է` Հայաստանի կողմից այդ պարտավորությունների կատարման գործընթացին»,- ընդգծել է Լևոն Զուրաբյանը:

Անդրադառնալով Կոնգրեսի կողմից հանրահավաք հրավիրելու հավանականությանը` Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ-ը կհրապարակի հաջորդ զանգվածային միջոցառման մասին տեղեկատվությունն այն ժամանակ, երբ նապակահարմար գտնի:

Tekali Taxi