Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանում ձերբակալված հայ տղամարդուն կարող է սպառնալ ցմահ ազատազրկում

Ռուսաստանում ձերբակալված հայ տղամարդուն կարող է սպառնալ ցմահ ազատազրկում

Իրավապահ մարմինների աշխատակիցները Սվերդլովսկի շրջանում բերման են ենթարկել ազգությամբ հայ 31-ամյա Արայիկ Աթոյանին, ով կասկածվում է Ստավրոպոլում գործող մասնավոր ընկերություններից մեկի տնօրենի պատվիրված սպանության մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում կատարելով շրջանի ներքին գործերի մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխին:

Սպանությունը կատարվել է 2010 թ. դեկտեմբերի սկզբին: Հանցագործն առևանգել է ընկերության տնօրենի մեքենան և անհետացել: Դեպքի կապակցությամբ Ստավրոպոլի իրավապահ մարմինները քրեական գործ էին հարուցել:

«Հանցագործության իրականացման մեջ կասկածվում է Աթոյանը, ով, հետաքննիչների տվյալների համաձայն, սպանությունից անմիջապես հետո ընտանիքի հետ մեկնել է Ուրալ, որտեղ պատրաստվում էր թաքնվել:

Սակայն ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել նրան այն ժամանակ, երբ նա պատրաստվում էր տեղափոխվել վարձակալած բնակարան»,- ասել է Գորելիխը:

Նրա խոսքով` ներկայումս հետաքննություն է ընթանում: Իրավապահ մարմինները չեն բացառում, որ Աթոյանը կանգնած է մի շարք այլ ծանր հանցագործությունների հետևում:

Եթե հաստատվի հանցագործության փաստը, Աթոյանը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման:

Tekali Taxi