2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Դատարանը որոշեց սպասել Նիկոլ Փաշինյանի ներկայությանը

Այսօր ժամը 14.00-ին Վերաքննիչ դատարանում մեկնարկեց քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբանների վերաքննիչ բողոքի քննարկումը:


Փաստաբանները դատարանից պահանջել էին բեկանել 2010թ. նոյեմբերի 19-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի որոշումը: Մնոյանը հրաժարվել էր անվավեր ճանաչել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի` 2010թ. մայիսի 25-ի որոշումը, որով Նիկոլ Փաշինյանի ազատազրկման ժամկետը ավելացրվել էր մոտ 5 ամսով:


Այսօրվա դատական նիստի սկզբում Փաշինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը հանդես եկավ միջնորդությամբ` հետաձգել նիստը` իր պաշտպանյալի ներկայությունը ապահովելու համար:


Դատավոր Եվա Դարբինյանը հարցրեց կողմերի կարծիքը, որոնք թողեցին որոշումը  դատարանի հայեցողությանը:

Դատավորը որոշում կայացրեց բավարարել միջնորդությունը` հիմնավորելով, որ Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, չի ստացել դատական նիստի վերաբերյալ ծանուցում:


Դատական նիստը նշանակվեց փետրվարի 1-ին, ժամը 12.00-ին «Արթիկ» ՔԿՀ-ում: