Գլխավոր / Հայաստան / Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Թոմաս Համմարբերգին

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Թոմաս Համմարբերգին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին:

Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը չափազանց կարևոր համարելով Հայաստանի համար` Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության ապահովման բնագավառում առանձնահատուկ դեր ունի:

«Մենք համարում ենք, որ անցած քսան տարիների ընթացքում մեր երկրում հսկայական աշխատանք է կատարվել: Միևնույն ժամանակ, նաև գիտակցում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- ասել է ՀՀ նախագահը` շնորհակալություն հայտնելով պարոն Համմարբերգին` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին սատարելու համար:

Ի պատասխան Թոմաս Համմարբերգն ասել է, թե ոչ միայն Եվրոպայի խորհուրդն է Հայաստանին օգնում, այլ նաև Հայաստանն է մասնակցում և օժանդակում Եվրոպայի խորհրդի գործունեությանը:

«Եվրոպայի խորհուրդն արժեքավոր է նրանով, որ իրավահավասարության սկզբունքն է ընդունել որպես մոտեցում: Մենք միմյանցից ենք սովորում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության բնագավառներում: Ինչպես նախորդ այցիս պարագայում, այս անգամ էլ ցանկացա այցիս վերջում հանդիպել Ձեզ, որպեսզի մեր հանդիպումներից, զրույցներից ստացած տպավորությունները ներկայացնեմ, զեկուցեմ Ձեզ»,- նշել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում բարեփոխումները շարունակելու, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հետագա քայլերին վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Tekali Taxi