Գլխավոր / Հայաստան / Բացօթյա առևտուր էժան գներով. հունվարի 26-ին ակցիա քաղաքապետարանի առջև

Բացօթյա առևտուր էժան գներով. հունվարի 26-ին ակցիա քաղաքապետարանի առջև

Երևանի քաղաքապետարանի առջև մարդիկ այսօր ևս բողոքում էին` պահանջելով իրենց թույլ տալ իրականացնել բացօթյա առևտուր: Այստեղ էին նաև մի քանի տասնյակ ոստիկաններ` ՊՊԾ գնդի պետի տեղակալ Խաչիկ Ավետիսյանի գլխավորությամբ:

«Ստեղ ձեր հավաքվելն անիմաստ ա, ժողովուրդ ջան, գնացեք ձեր գործին»,- հայտարարել է Ավետիսյանը:

«Մենք գործ չունենք, ո՞ւր գնանք, մեզ չեն թողնում մեր օրվա հացը վաստակենք, թողնելու եմ գնամ ստեղից, կամ էլ մնում ա բերեմ, բենզին լցնեմ վրես, վառեմ ինձ. մի ամիս ա էրեխեքիս աչքերին չեմ կարում նայեմ, հաց չունեն ուտելու»,- բորբոքված ասում էր առևտրականներից մեկը:

Մարդիկ երկար մի քանի ժամ կանգնել էին քաղաքապետարանի գլխավոր մուտքից մի քանի մետր հեռավորության վրա, բղավում էին` «ամոթ, հաց ենք ուզում»:

Այդ ողջ ժամանակ ոստիկանական պատը մարդկանց արգելում էր շարժվել դեպի քաղաքապետարանի գլխավոր մուտք, իսկ ոստիկանության օպերատորները տեսանկարահանում էին ողջ գործընթացը:

Ակցիայի մասնակիցներից մի կին գրպանից հանեց Հանրապետական կուսակցության անդամատոմսը, պատռեց և գցեց ոտքերի տակ:

«Ես մի ժամանակ հպարտանում էի սրանով, բայց հիմա ես ամաչում եմ, որ ունեմ էս ուդոն. հայտարարում եմ, որ գցում եմ գետին ու տրորում»,- այս խոսքերով կինը նետեց անդամատոմսը գետնին, իսկ հավաքվածները իրենց հերթին տրորեցին այն: Մեկ այլ կին իր հետ ծաղիկներ էր բերել. նա սկսեց հենց տեղում վաճառել դրանք, ու մի քանիսը գնեցին կնոջ` «Ղարաբաղից բերված ծաղիկները»:

Ակցիայի մասնակիցներին սատարելու էին եկել ՀԱԿ ակտիվիստ երիտասարդներ, որոնք սկսեցին զրուցել առևտրականների հետ: Ոստիկանները, իրենց հերթին կոչ էին անում ակցիայի մասնակիցներին չլսել ՀԱԿ-ականներին:

«Ժողովուրդ ջան, դուք գիտակից մարդիկ եք, ձեր պահաջն ունեք, ու պետք չի, ամեն թափթփուկի լսեք»,- ասում էր Խաչիկ Ավետիսյանը:

Հավաքվածները վերջում հայտարեցին, որ մեկ օր ժամանակ են տալիս իշխանություններին հարցը լուծելու համար, իսկ հաջորդ ակցիան լինելու է հունվարի 26-ին, ժամը 13:00-ին:

«Մենք մեզ հետ բերելու ենք մեր ապրանքները, ու հենց քաղապետարանի առաջ վաճառելու ենք դրանք, ու բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում քաղաքապետարանի մոտից գալ առևտուր անել, խոստանում ենք` շատ մատչելի գներ են լինելու»,- հայտարարել են հավաքվածները:

Tekali Taxi