Home / Հայաստան / Հայաստանցի օլիգարխի կեղծ օղիները անհանգստացնում են Ուկրաինային

Հայաստանցի օլիգարխի կեղծ օղիները անհանգստացնում են Ուկրաինային

Հայաստանի և Ուկրաինայի միջև առաջացած «առևտրային հակամարտությունը» կարող է շարունակություն ստանալ: Ինչպես «Կոմերսանտին» հայտնել են Ուկրաինայի Տնտեսական զարգացման և առևտրի նախարարության ներկայացուցիչները, Հայաստանի հետ փոխզիջման գնալուց հետո (երբ Հայաստանը վերացրել էր Ուկրաինա արտահանվող ալկոհոլի և ծխախաոտի հարկերի հարցում առկա խտրականությունը) ուկրաինական կողմը նոր խնդիրների առաջ է կանգնել:

Հայաստանը վերանայել է արտոնագրերի սկզբունքները: Համաձայն «Ներքին շուկայի պաշտպանության» մասին օրենքում անցյալ տարի կատարված փոփոխությունների` 2011 թվականի հունվարի 1-ից 250 հազար լիտր օղի ներկրելու համար 30 մլն դրամ արժողությամբ արտոնագիր է անհրաժեշտ: Տեղի արտադրողները արտոնագրի համար տարեկան վճարում են 15 մլն դրամ` անկախ օղու արտադրման ծավալներից: Եթե հաստատվի, որ այս որոշումը ուժի մեջ է մտել, Կիևը նոր դատական գործ կսկսի:

Հայաստանի նկատմամբ Ուկրաինայի պահանջները շուտով կարող են ավելանալ, քանի որ Հայաստանը չի խոչընդոտում  տեղական կեղծ ալկոհոլային արտադրանքի թողարկմանը: Ուկրաինական «Ազգային ալկոհոլային ավանդույթներ» ընկերության ինտելեկտուալ սեփականության բաժնի տվյալներով` հայկական «Ալեքս Գրիգ» ընկերությունն անօրինական կերպով ալկոհոլային խմիչքներ է արտադրում հայտնի ուկրաինական և ռուսական ապրանքանիշերի անվան տակ և իրացնում է նվազագույն գնով, մինչդեռ օրիգինալ ապրանքանիշերը 2-3 անգամ բարձր արժողություն ունեն:

Անցյալ տարի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2,5 մլն դրամի չափով տուգանել էր «Ալեքս Գրիգ» ընկերությանը ուկրաինական հայտնի ապրանքանիշեր «Ուկրաինկա», «Խորտիցա», «Մեդոֆֆ», «Փրայմ» և «Խլեբնի դար» անվանումների ներքո ալկոհոլային արտադրանք թողարկելու համար:

Նշենք, որ «Ալեքս Գրիգ» ընկերությունը պատկանում է հայաստանյան խոշոր գործարարներից մեկին` պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Կեղծ ալկոհոլային արտադրանքն իրացվում է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում, որը նույնպես պատկանում է Ալեքսանյանին: