Գլխավոր / Հայաստան / Հայ չեմպիոնի ընտանիքին մտադիր են արտաքսել Ֆրանսիայից

Հայ չեմպիոնի ընտանիքին մտադիր են արտաքսել Ֆրանսիայից

Ֆրանսիայի իշխանությունները կարող են երկրից արտաքսել Ֆրանսիայի ըմբշամարտի երիտասարդական առաջնության հաղթող, 17-ամյա Գոռ Աբրահամյանի ընտանիքին:

Գոռի ընտանիքը տեղափոխվել էր ֆրանսիական Գրաս քաղաք Հայաստանում 2008 թվականին տեղի ունեցած մարտյան դեպքերից հետո: Ներկայումս ֆրանսիական իշխանությունները մտադիր են նրանց զրկել երկրում բնակվելու իրավունքից, գրում է Nouvelles d’Arménie-ն:

Ֆրանսիայում Գոռին համեմատում են երկրի ամենահայտնի մարզիկներից մեկի` կրկնակի օլիմպիական չեմպիոն, ձյուդոիստ Դավիդ Դույեի հետ: Գոռի մարզիչները նրա հետ մեծ հույսեր են կապում և անգամ տեսնում են 2016 թվականի օլիմպիական խաղերին, սակայն իշխանությունները մտադիր են զրկել Գոռին իրենց երկրի դրոշի տակ ելույթ ունենալու հնարավորությունից:

Անցյալ տարվա հունիսին Աբրահամյանների ընտանիքին հայտնել էին, որ իրենք պետք է լքեն երկիրը: Գոռի հորը, ով նախկինում եղել է հացթուխ, իսկ Ֆրանսիայում սկսել է զբաղվել կահույքի գործով, մերժել են քաղաքական ապաստան տրամադրել:

Աբրահամյանների գործը քննվել է ուրբաթ` Նիցայի վարչական դատարանի նիստի ընթացքում, և արտաքսման մասին որոշում է կայացվել, սակայն որոշումը ուժի մեջ կմտնի երկու շաբաթ անց, իսկ մինչ այդ Աբրահամյաններն իրավունք ունեն բողոքարկել դատարանի որոշումը, ինչը և իրենց խորհուրդ են տվել անել դատարանում:

Ինչպես նշում է Nouvelles d’Arménie-ի լրագրողը, Գոռը վայելում է թե քաղաքի բնակիչների և թե դատարանի համակրանքը, սակայն «օրենքը մնում է օրենք»:

Նշենք, որ դեռ անցյալ տարվա հունիսին Գրասում բողոքի ակցիա էր անցկացվել` ի պաշտպանություն Աբրահամյանների ընթանիքի: Գոռի արտաքսման դեմ բողոքում էին նրա քոլեջի` Սենտ-Իլերի ուսանողներն ու ուսուցիչները:

Լուսանկարը` Nouvelles d’Arménie-ի
Tekali Taxi