Գլխավոր / Հայաստան / Հայաստանին սպասում է Ասորեստանի ճակատագիրը. ակցիա

Հայաստանին սպասում է Ասորեստանի ճակատագիրը. ակցիա

«Կապ չունի` զինվորը միլիցիայի ֆորմով ա, թե չէ: Ես նայում եմ միլիցիային, ոտքերին գարնանային կոշիկներ ա: Մեղք ա, դուք զինվորին չեք կարող պահել, մեզ ոնց եք պահելու», – Կառավարության դիմաց ակցիայի ընթացքում հայտարարել է կապիտան ներկայացած Սուրեն Նիսանովը, որը, հավաքվածների հավաստմամբ, Արցախյան ազատամարտի մասնակից է:
Epress.am-ի հետ զրույցում նա նշել է, որ ասորի է և «մի վեդրո արյուն է թափել այս ազգի համար»:

Նշենք, որ տասնյակ մարդիկ չեն հեռանում ՀՀ կառավարության շենքի մոտից: Նրանք բողոքում են ներմուծվող ապրանքի 1 կիլոգրամի համար վճարվող տուրքի կրկնակի ավելացման դեմ: Եթե նախկինում այն կազմում էր 4 դոլար, ապա այժմ տուրքը կազմում է 8 դոլար:

«Եթե ղեկավարությունը չի կարող ազգը պահի, թող թողի գնա, մենք կպահենք: Դրեք ինձ վարչապետ, լուբոյ մինիստր դրեք, յոթը օրում հարցերը լուծեմ», – ասում էր մի փոքր գինովցած կապիտանը:

Նրա խոսքով` ժողովուրդը մեղք է, «ստրուկի նման ծառայում ենք ձեզ, ստրուկի նման, հորս արև»:
«Մենք, բացի մեր շղթաներից, բան չունենք կորցնելու», – ասում էր Նիսանովը:

«Շղթա էլ չունենք», – լսվեց բողոքավորներից մեկի ձայնը:

Ասորին նաև բերեց Բաբելոնի օրինակը` ասելով, որ նույն պատճառով էլ կործանվել են բաբելոնացիները. «Պարսիկը ինչի՞ հարձակվեց, Ասորեստանը գրավեց: Որովհետև ղեկավարները միլիարդատեր էին դարձել, ժողովրդին տրյապկա էին սարքել: Պատմությունը նայեք: Նույնը կատարվելու ա Հայաստանի հետ»:

Նիսանովն իր ձեռքին էր պահում արցախյան ազատամարտին մասնակցելու մասին վկայականը, որը հետագայում նրա ձեռքերց խլել է Հրապարակում գտվող ոստիկաններից մեկը: Մենք չկարողացանք պարզել, թե ով և ինչու է խլել վկայականը, իսկ Նիսանովը մեզ ասաց. «Ասում է, դու ինչի ես բոլորի անունից խոսում: Պոլկովնիկ ա, սև ֆորմով»:

Տեղեկացնենք, որ որոշ ժամանակ անց հավաքվածները մեզ հայտնեցին, որ վկայականը վերադարձվել է Նիսանովին:
Tekali Taxi