2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Մուբարաքը ուզում է մնալ մինչև սեպտեմբեր. Եգիպտոսի ընդդիմությունը դեմ է

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը խոստացել է չմասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, սակայն հրաժարվել է անհապաղ հրաժարական ներկայացնել, ինչպես դա պահանջում են հարյուր հազարավոր ցուցարարներ, ովքեր մեկ շաբաթից ավելի է դուրս են գալիս Կահիրեի, Սուեզի, Ալեքսանդրիայի փողոցներ: Այս մասին Մուբարաքը հայտարարել է երեկ ուշ երեկոյան Եգիպտոսի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված իր ելույթի ժամանակ: Նա նաև խոստացել է փոփոխություններ կատարել Սահմանադրության 76-րդ հոդվածում, որը սահմանափակում է նախագահի պաշտոնում այլ թեկնածուների առաջադրման հնարավորությունը:

Մուբարաքի ելույթը լուրջ դժգոհություն է առաջացրել ցուցարարների շարքերում: Մասնավորապես, Ալեքսանդրիայում նախագահի ելույթից հետո բախումներ են տեղի ունեցել հակակառավարական ուժերի և Մուբարաքի կողմնակիցների միջև: Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում, որտեղ երեկվա ընթացքում մեկ միլիոնից ավելի մարդ է եղել, շարունակել են վանկարկել՝ «Հեռացիր, հեռացիր»:

Երեկ երեկոյան Եգիպտոսի իրադարձություններին է անդրադարձել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով նշել է, որ Եգիպտոսում «ստատուս-քվոն» այլևս հնարավոր չէ, և հարկավոր են փոփոխություններ: Օբամայի խոսքերով՝ դա հասկանում է նաև Մուբարաքը, ում ԱՄՆ նախագահը նույնպես կոչ է արել չառաջադրվել հաջորդ նախագահական ընտրություններին, որոնք կայանալու են այս տարվա սեպտեմբերին: Սակայն նման հեռանկարը չի բավարարել հարյուր հազարավոր ցուցարարներին:

«Ցավոք, նա ցանկանում է ձգձգել հոգեվարքը ևս 6-7 ամիս: Նա բևեռացնում է երկիրը: Այս ամենը կարող է բռնության բերել», - հայտարարել է ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Մոհամեդ Էլ Բարադեյը:

Ինչպես հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության թղթակիցը Թահրիր հրապարակից, ընդդիմադիր ուժերը պատրաստվում են «Մեկնելու ուրբաթ» կազմակերպել Մուբարաքի համար: Փետրվարի 4-ին նրանք ցանկանում են շարժվել դեպի նախագահական նստավայր՝ ստիպելու Մուբարաքին անհապաղ հրաժարական ներկայացնել: