2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Սերժ Սարգսյանը «կռվացնում է Ադրբեջանին Ռուսաստանի հետ», վստահ է քաղաքագետը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` «Ադրբեջանի հետ բանակցություններն անիմաստ են, և Ղարաբաղը մերն է», կարելի է դիտարկել որպես Բաքվին ուղղված ռազմական գործողություններ սկսելու սադրանք, որպեսզի Ռուսաստանը միջամտի և ջարդի Ադրբեջանին: «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում հնչած Հայաստանի նախագահի հայտարարությունն այսպես է մեկնաբանել Ադրբեջանի ներքին քաղաքականության գծով պետական խորհրդատու, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:

«Հայաստանն Ադրբեջանում Ռուսաստանի բոլոր հակառակորդների շահերին ջախջախիչ հարված հասցնելու նպատակ է հետապնդում»,- Գուլուզադեի խոսքերն է փոխանցում «Կավկազ Օնլայնը»:

Գուլուզադեի խոսքով` Ադրբեջանին պատերազմական գործողությունների սադրելու փորձերը Ռուսաստանի որոշ խավերի օգտին են: Նրանք կարող էին մտնել ռազմական գործողությունների մեջ, այնուհետև հաղթել պատերազմում, ինչպես եղավ  2008 թվականին Վրաստանի հետ:

«Դա կարող էր 2012 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին Պուտինին հերոս դարձնել: Ռուսաստանը կցանկանար հարված հասցնել Ադրբեջաբում ԱՄՆ-ի շահերին, թույլ չտալ իրականացնել «Նաբուկո» ծրագիրը, կաթվածահար անել Բաքու-Թբիլիսի-Ջեյխան նավթամուղը: Նա օգտագործում է Հայաստանն այդ նպատակով: Այնպես որ, Սերժ Սարգսյանը խոսում է Ռուսաստանի թելադրանքով»,- պարզաբանել է ադրբեջանցի փորձագետը:

Միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ ռուսական հեռուստաընկերություններն իրենց ուշադրությունը կենտրոնացնում են ռազմական պաշարներն ավելացնելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների վրա: «Սակայն, որքան էլ  մեծ լինեն Ադրբեջանի եկամուտները և սպառազինությունը, այն չի կարող գերազանցել ռուսականին»,- նշել է Գուլուզադեն: