Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցներն անում են ամեն հնարավորը` Կահիրեի կենտրոնում գտնվող Թահրիր հրապարակը հակակառավարական ցույցի մասնակիցներից ազատելու համար:
Մի քանի ժամ առաջ նրանք ուղտերով և ձիերով ներխուժել են հրապարակ և հարձակվել ցուցարարների վրա: Հարձակման ընթացքում նրանք Մոլոտովի կոկտեյլներ են օգտագործում, ինչպես նաև քարեր և բեկորներ են նետում ցուցարարների վրա: Առաջին ժամերի ընթացքում Եգիպտոսի բանակը չէր միջամտում իրադարձություններին, իսկ այժմ բարձրախոսներով կոչ է անում հակակառավարական ցույցի մասնակիցներին լքել հրապարակը: Ցուցարարները կանգնած են և չեն հեռանում. The Daily News Egypt-ի հաղորդմամբ , այս պահին նրանց օգնության են շտապում նոր ուժեր:
Նշենք, որ անկարգությունների ընթացքում տուժել է Կահիրեի կենտրոնում գտնվող Եգիպտոսի պատմության թանգարանը, որտեղ հրդեհ է բռնկվել:
Վերլուծաբանների կարծիքով՝ Մուբարաքի վերջին օրերի քայլերը և երեկվա ելույթը վկայում են այն մասին, որ Եգիպտոսի նախագահը հեշտ չի զիջելու իշխանությունը, և նրան անգամ չի վախեցնելու քաղաքացիական պատերազմը, որը, փաստորեն, ինքն էլ սկսել է՝ կազմակերպելով հարձակումը Թահրիրում կանգնած մարդկանց վրա:
Ինչպես նշում են միջազգային գործակալությունները, հարձակման ժամանակ մուբարաքամետ ուժերը անեծքներ էին հղում, մասնավորապես, ընդդիմության առաջնորդների և «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հասցեին:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ այս պահին արդեն 500-ից ավելի վիրավորներ կան, դեպի Թահրիր են ուղևորվում շտապ օգնության մեքենաներ, որոնք հիմնականում չեն կարողանում մոտենալ հրապարակին քաոսային վիճակի պատճառով: