Home / Հայաստան / Ընտանիքը Հայաստանում. պաշտպանված է միայն կլանի ներկայացուցիչը

Ընտանիքը Հայաստանում. պաշտպանված է միայն կլանի ներկայացուցիչը

Քաղաքացիության ինստիտուտը իրավաբանական նորմերի մի համակարգ է, որը ամրացնում է կապն անհատի և պետության միջև՝ ստեղծելով ուղիղ հարաբերություններ։  Այսինքն, եթե ընտանեկան կապերը հորիզոնական–ցանցային են և կոչված են ամրացնելու մի խումբ մարդկանց կախվածությունը միմյանցից, ապա քաղաքացի–պետություն հարաբերությունները ուղղահայաց հարաբերություններ են, որոնք համակարգվում են բոլորի համար հավասար օրենսդրական նորմատիվ ակտերով, ունեն հստակ կանոնակարգված ինստիտուցիոնալ սահմանազատումներ, որոնք փոխվերահսկվում ու փոխլրացնում են։

Փետրվարի 5-ին «Փոքր Խորհուրդ» հասարարական-քաղաքական խմբի հերթական նիստում լրագրող Զառա Հովհաննիսյանը ներկայացրել է իր հայեցակետը «Այժմյան հայկական ընտանեկան հարաբերությունները և քաղաքացիական հասարակության կայացման խնդիրը» թեմայի շուրջ:

Բանախոսը նշել է, որ ըստ ՀՀ սահմանադրության` մեր երկիրը ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, ուր հարգվում ու պաշտպանվում են մարդու արժանապատվությունը,  իրավունքները և ազատությունները։Բայց դա, Հովհաննիսյանի խոսքով, միայն թղթի վրա, իրականում մենք ունենք սահմանադրական կարգի կոպիտ խախտումներով առաջնորդվող պետական կառավարման համակարգ, ուր մարդն անպաշտպան է:

«Նման պայմաններում առաջանում է վակուում, քաղաքացիության ինստիտուտի ձևավորման անհնարինություն, որի հետևանքով ուղղահայաց հարաբերությունները, բնականաբար, փոխարինվում են հորիզանական, ցանցային հարաբերություններով, որոնց միջոցով փորձ է արվում կանոնակարգել մարդկանց հարաբերությունները, կենսակերպն ու կենցաղը։ Արդյունքում ստեղծվում է այն, ինչ ունենք` քրեաօլիգարխիկ համակարգ, որի հիմնական շարժիչ ուժն ընտանիքներն են, որոնք չեն ենթարկվում ՀՀ օրենքներին, քանի որ ունեն իրենց, գրված, թե չգրված օրենքները, իրենց ընտանիքից դուրս անձանց չեն դիտարկում որպես հավասար քաղաքացիներ։ Պաշտպանված է այն մարդը, որն ընդգրկված է կլանում, բուրգի մեջ՝  բարեկամը, խնամին, ազգականը, որը աներկբայորեն ենթարկվում է ներքին կանոնակարգին, իսկ ցանկացած շեղման պարագայում պատժվում՝  կլանային հաշվեհարդարի ամենադաժան խստությամբ։ Այս համակարգում արգելված է ընտրությունը, սերը, իրավունքը։ Ամեն բան որոշում է կլանի ղեկավարը, դու իրավունք չունես ընտրություն կատարել սիրով»,- իր տեսակետն է հայտնել բանախոսը:

Նա նշել է, որ այս ամենը ընտանիքին տալիս է գերակա դիրք, պետության նկատմամբ` բավարար պայմաններ չառաջադրելով   քաղաքացիության ինստիտուտի ստեղծման համար։

Tekali Taxi