Home / Հայաստան / Երևանում քննարկեցին ԵՄ երկրներ վիզայի ստացման գործընթացը դյուրացնելու խնդիրը

Երևանում քննարկեցին ԵՄ երկրներ վիզայի ստացման գործընթացը դյուրացնելու խնդիրը

Փետրվարի 8-ին Երևանում մեկնարկեց ԵՄ հետ տեղաշարժի հարցերին նվիրված սեմինար, որը կազմակերպվել է ԱԳՆ նախաձեռնությամբ` Եվրոպական Միության TAIEX աջակցության ծրագրի շրջանակներում:

ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը դյուրացնելու խնդիրը առաջնային տեղ է զբաղեցնում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգում: Սեմինարի անցկացումը կարևոր հանգրվան է Հայաստանի ու ԵՄ միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը մեծապես կնպաստի ԵՄ հետ ամենատարբեր բնագավառներում երկկողմ կապերի զարգացմանը, ինչպես նաև բարենպաստ միջավայր կստեղծի մարդկային շփումների համար:

Սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:

Նախատեսվում է, որ ԵՄ հետ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրերը դյուրին և արագացված ընթացակարգեր կսահմանեն մի շարք կատեգորիաների անձանց համար, այդ թվում` պաշտոնական պատվիրակությունների անդամների, գործարար շրջանակների ներկայացուցիչների, ուսանողների, գիտաշխատողների, լրագրողների, միջազգային սպորտային միջոցառման մասնակիցների, մոտ ազգականներին այցելողների, ինչպես նաև այլ կատեգորիաների անձանց համար:

ԵՄ հետ տեղաշարժի հարցերին նվիրված միջոցառումը նպատակ ունի նաև փորձի և տեղեկատվության փոխանակման միջոցով ավելացնելու ՀՀ համապատասախան գերատեսչությունների կարողությունները, ինչպես նաև բարձրացնելու գործընթացի վերաբերյալ իրազեկությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Tekali Taxi