Home / Հայաստան / Սոցիալական բունտը Հայաստանում հնարավոր է, անհրաժեշտ է և անխուսափելի է. կարծիք

Սոցիալական բունտը Հայաստանում հնարավոր է, անհրաժեշտ է և անխուսափելի է. կարծիք

««Սոցիալական բունտ» արտահայտությունը սովորաբար սիրում են օգտագործել իշխանությունները և աղոթքի պես կրկնում են, որ Հայաստանում դա հնարավոր չէ` ինչ-ինչ պատճառներով, որպեսզի կոծկեն խնդրի լրջությունը: Սոցիալական բունտը հասարակական ընդվզումն է, իսկ ընդվզումներն այլ կերպ չեն լինում: Այլ ընդվզումները տեռորիզմ են` հոկտեմբերի 27, մարտի 1»,- «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել է «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը` պատասխանելով հարցին, թե պարբերաբար թանկացումների և սոցիալական լարվածության մեծացման պայմաններում տեսնո՞ւմ է մեր երկրում սոցիալական բունտի հնարավորություն:

Նա գտնում է, որ` ասել, թե դա Հայաստանում հնարավոր չէ, նույնն է պնդել, թե մեր հասարակության մեջ չկա բողոք, ցանկություն և ցասում այս իրավիճակը փոխելու համար:

«Ու կարծում եմ, որ եթե վայ քաղաքագետներն ու վայ քաղաքական գործիչներն իրենց մեկնաբանությունները փորձեն թարգմանել հայերենով, որից վերջերս այդքան խուսափում են, ամեն ինչ իր տեղը կընկնի: Այսինքն` «հնարավոր է, անհրաժեշտ է և դա անխուսափելի է»: Երեք տարի անց վերլուծելով 2008-ի ձմռան վերջին օրը տեղի ունեցած իշխանության և հասարակության բախումներն ու անդրադառնալով տեսակետին, թե բոլոր դժգոհություններով հանդերձ` ժամանակ է հարկավոր անհրաժեշտ կրտիկական զանգված հավաքելու համար, մեր զրուցակիցը նկատեց. «Այդ իրադարձությունները նման զարգացում ունեցան ոչ թե իշխանության հաջողությամբ պայմանավորված, այլ ընդդիմության մեղքով: Իշխանությունը պատրաստ էր փախչելու: Դրա մասին էին վկայում օդանավակայանում շարժիչները միացրած կանգնած ինքնաթիռները, այդ օրերին առկա բանկային հաշիվների խուճապահար շարժերը և վերջին ռեսուրը` վարձկանների օգտագործումը, քանի որ ոչ բանակը, ոչ ոստիկանությունն իրականում չէր պատրաստվում ժողովրդի սեփական ընտանիքների հետ կռիվ մղել»: Մեղավորության հիմնական պատճառներից մեկն, ըստ Խզմալյանի, այն էր, որ այն ժամանակվա ընդդիմադիր առաջնորդները թերացան կարևորագույն մեկ գործում` հասարակությանը ցույց չտվեցին պարզ այլընտրանքը. «Շատ դեպքերում մի քանի անունների փոխարեն բերվում էին այլ անուններ, որոնց հետ կապվում էին համարյա կրոնական հավատքի հասնող հույսեր: Իսկ դա բավարար չէ: Իշխանափոխությունը չի կարող նպատակ լինել, դա միջոց է: Երբ մենք կարողանանք սոցիալական համակարգը փոխել ու հաստատել սոցիալական արդարություն` այն ժամանակ կսկսենք նոր շարժումը դեպի այն Հայաստանի Հանրապետությունը, որի մասին երազում էինք 1988-ին, և որն ի վերջո կառուցելու ենք միգուցե երրորդ փորձից», – ասել է Խզմալյանը:

Tekali Taxi