Home / Հայաստան / Քաղաքական ուժերին կոչ են անում միանալ Ընտրական օրենսգրքի նոր նախագիծ ստեղծելու համար

Քաղաքական ուժերին կոչ են անում միանալ Ընտրական օրենսգրքի նոր նախագիծ ստեղծելու համար

Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն օրինական ու ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորման գլխավոր նախապայմանն է, որը սակայն չի ապահովվել արդեն 16 տարի ի վեր: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին:

«Իշխանությունների կողմից դեռ 2010թ. կեսերին առանց ընդդիմության ներգրավման ձևավորված աշխատանքային խմբի մշակած` Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի (նոր խմբագրությամբ) նախագիծը մենք գնահատում ենք ոչ թե գործող Ընտրական օրենսգրքի բարեփոխում, այլ հասարակության ու քաղաքական ուժերի կողմից էլ ավելի անվերահսկելի և դրանով իսկ ընտրակեղծիքների ու այլ ընտրախախտումների ավելի լայն հնարավորություններ բացող առաջարկ: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը ոչ թե գիտակցում է ազատ, օրինական ընտրությունների անցկացումը, իրապես ՀԱՎԱՍԱՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ արդյունքում իշխանության ձևավորումը, այլ ընդամենն իրականացնում է 2008թ.-ից ի վեր ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևերում առկա պահանջների կատարման հերթական իմիտացիան», – նշում են հայտարարության հեղինակները:

Նրանք կոչ են անում բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք «կարևորում են ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ ապահովող օրենսգրքի ընդունումը, ձեռնամուխ լինել այլընտրանքային միասնական նախագծի շուրջ համաձայնության հասնելուն ուղղված քննարկումներին»:

««Ժառանգությունը» նախաձեռնում է խորհրդակցություններ քաղաքական ուժերի հետ` այլընտրանքային միասնական նախագծի ձևավորման նպատակով, որոնց արդյունքներով կկազմակերպի Ընտրական օրենսգրքի ընդդիմության միասնական այլընտրանքային նախագծին նվիրված համաժողով», – ասված է հայտարարության մեջ:

Tekali Taxi