Գլխավոր / Հայաստան / Իրանի դեսպանները Երևանում և Բաքվում ասել են այն, ինչ իրենցից ցանկանում էին լսել

Իրանի դեսպանները Երևանում և Բաքվում ասել են այն, ինչ իրենցից ցանկանում էին լսել

Այսօր Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանները միաժամանակ մամուլի ասուլիս են հրավիրել: Եթե Բաքվում Իրանի դեսպան Մամեդբաղիր Բահրամին տեղի լրատվամիջոցներին հավատացնում էր, որ Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ է օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, ապա Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայան շեշտը դնում է այն բանի վրա, որ դատապարտում է հակամարտության հարցում կրոնական երանգ որոնողներին: «Դա մեր դիրքորոշումն է, և Ադրբեջանը այդ մասին շատ լավ գիտի: Մենք միշտ հանդես ենք եկել որպես քրիստոնեական և իսլամական ժողովուրդների ներկայացուցիչների միջև երկխոսության կայացման ջատագով»,- ասել է Սաղայանը:

Բաքվում Իրանի դեսպանը կոչ է արել «ուշադիր հետևել Ադրբեջանի և Իրանի նախագահների խոսքերին, ովքեր միշտ խոսել են մեր երկու պետությունների եղբայրական հարաբերությունների մասին: Իրանը միշտ դատապարտել և դատապարտում է ադրբեջանական տարածքների զավթումը: Մեր դիրքորոշումը չի փոխվել»:

Երևանում Իրանի դեսպանը ասել է. «Ես կարծում եմ, որ Ղարաբաղում պատերազմի վերսկսման համար հիմքեր չկան: Բացի դա, Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, որպես տարածաշրջանային խաղորդներ, պատերազմ չեն հանդուրժի այս տարածաշրջանում»: Խոսելով Ադրբեջանի ռազմական ծախսերի մեծացման մասին` Սաղայանը հայտարարել է, որ տարածաշրջանում ռազմական դրությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Նրա խոսքերով` միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այս խնդրի վրա և վերահսկի իրավիճակը:

Ադրբեջանում Իրանի դեսպանը հիշել է 90-ական թվականներին ղարաբաղյան հարցում Իրանի միջնորդությունը, երբ հայկական ուժերին հաջողվել է գրավել Շուշին: «Դրանում մեղավոր են Ամերիկան և Իսրայելը: Եթե այդ երկու երկրների միջամտությունը չլիներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վաղուց լուծված կլիներ»: