Home / Հայաստան / Ծառուկյանը փաստեց, որ լրագրողներին անակնկալ չի մատուցել

Ծառուկյանը փաստեց, որ լրագրողներին անակնկալ չի մատուցել

Եթե Գագիկ Ծառուկյանը զգա, որ ժողովուրդն իրեն չի վստահում, ապա արտահերթ համագումար կանի և հրաժարական կտա: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` ելույթ ունենալով նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո:

«Դուք կարող եք ասել, որ Գագիկ Ծառուկյանը վստահություն ունի իր ժողովրդի, իր թիմի, բոլորի կողմից: Ինչ-որ մի պահ եթե զգա, որ ինքը դա լիարժեք չի կարողանում իրականացնել, ուրեմն համապատասխան արտահերթ համագումար կհրավիրի և ինքը արժանապատվորեն` որպես կուսակցության նախագահ,  դուրս կգա»,- հայտարարել է Ծառուկյանը:

Նա նշել է, որ «ում ժողովուրդը կցանկանա, ում ժողովուրդը կվստահի, և իր թիմը, և իր կուսակից ընկերները, պատգամավորները կամ խորհուրդը, ուրեմն նա էլ կղեկավարի կուսակցությունը»։

Ծառուկյանի խոսքով` ինքը կուսակցությունից կառչած չէ և  դրանով չի ապրում, այլ ապրում է որպես մարդ ՝ սիրելով իր ժողովրդին, իր երկիրը, իր ծննդավայրը:

«Որոշ քաղաքական գործիչների պես ես չեմ մտել քաղաքականության մեջ ինչ-որ բանի տեր դառնալու համար, մենք թիմ ենք ստեղծել այն մարդկանցից, որոնք մտահոգ են երկրում առկա խնդիրներով: Շնորհակալ եմ իմ թիմից»,- ասել նա:

Խոսելով վերջին օրերին մամուլում ԲՀԿ համագումարին վերաբերող հոդվածների մասին` Գագիկ Ծառուկյանն ասել է, որ «այնպիսի բաներ են գրում, որոնք  չկան»:

«Լրագրողները սպասում էին, որ անակնկալ կլինի, անակնկալ չկա, հերթական սովորական մեր համագումարն է», – հավելել է նա:

Tekali Taxi