Գլխավոր / Հայաստան / «Հարստացրեք էդ մաֆյոզներին». առևտրականները շրջափակել են «Երևան Սիթին» և «ՍԱՍ»-ը

«Հարստացրեք էդ մաֆյոզներին». առևտրականները շրջափակել են «Երևան Սիթին» և «ՍԱՍ»-ը

Բացօթյա առևտուր իրականացնողներն այսօր իրենց հերթական ակցիան անցկացրել են Հանրային ռադիոյի առաջ` պահանջելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդավար, քաղաքական մեկնաբան Գևորգ Ալթունյանից ներողություն խնդրել իրենցից:

Նրանց խոսքով` Հ1-ով ցուցադրվող «Տեսանկյուն» հաղորդաշարի ժամանակ Գևորգ Ալթունյանը առևտրականներին անվանել էր «գիքորներ»: Ըստ առևտրականների` նշելով, որ տարիների ընթացքում բացօթյա առևտուր անելը վերածվել է մոդելի, Ալթունյանն ասել էր, որ գարշելի է, երբ քաղաքական ուժերն իրենց նպատակների համար փորձում են օգտագործել առևտրականների բողոքը:

Առևտրականներն իրենց ակցիայով պահանջում էին Հանրայինից և դրա  ղեկավարներից բողոքի օբյեկտիվ և ամենօրյա լուսաբանում, «որովհետև պարտավոր եք ճշմարտությունը ներկայացնել մի քանի հազար մարդու ճակատագրի վերաբերյալ», ինչը նշված է նաև նրանց տարածած հաղորդագրության մեջ:

Նրանք իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա, մասնավորապես, գրված էր, «Հայը հալածվում է իր հայրենիքում», «Մենք ամեն գնով վերանվաճելու ենք մեր իրավունքները», «Լֆիկ Սամո+Դոդի Գագո+Նեմեց Ռուբո+իշխանություն=մաֆիա»:

Հանրայինից հետո բողոքավորները որոշել են իրենց ակցիան շարունակել Երևանի սուպերմարկետների առջև և երթով շարժվել են դեպի մոտակա «Երևան Սիթի» սուպերմարկետ, որը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին:

Ցուցարարներն առանց խոչընդոտի հասան «Սիթի»-ի մոտ, որտեղ մոտ կես ժամ շրջափակել էին սուպերմարկետի մուտքը և բղավում էին` էստի համեցեք:

«Եթե մեզ անվանում են գիքորներ, մենք էլ եկել ենք գիքորություն անելու բազազ արտեմների, մեծապատիվ մուրացկանների մոտ: էկեք, Լֆիկ Սամոյի մոտից առևտուր արեք, հարստացրեք էտ մաֆյոզներին»,-  բղավում էին մարդիկ:

Փողոցով անցնող մի կին էլ, տեսնելով ակցիան, բորբոքված մոտեցել է հավաքվածներին` անհնազանդության կոչեր անելով: «Պետք ա քարը վեկալել, տալ դրանց գլխին, հերիք եղավ, կյանքներս, հացներս կերան էլի, էս տասը տարի ա կոտորվում ենք սրանց ձեռը», — բորբոքված գոռում էր կինը:

«Երևան Սիթի» սուպերմարկետից ակցիայի մասնակցիները շարժվել են դեպի Ամիրյան-Մաշտոց խաչմերուկին գտնվող «SAS» սուպերմարկետ` նմանատիպ ակցիա անցկացնելու: Խանութի աշխատակիցները նրանց խնդրել են դադարեցնել ակցիան, սակայն մարդիկ շարունակել են և հեռացել են այն ժամանակ, երբ ցանկացել են:

Նշենք, որ այսօր, ի տարբերություն, նախորդ բողոքի ակցիաների, ոստիկանները չեն միջամտել ակցիային: