Home / Հայաստան / Դրամի զանգվածի կառավարումը` ՀՀ կառավարության ձախողումն է. պատգամավոր

Դրամի զանգվածի կառավարումը` ՀՀ կառավարության ձախողումն է. պատգամավոր

Գնաճի առումով ՀՀ կառավարության քաղաքականությունը ձախողված է. եթե կառավարությունն այսօր հայտարարում է, որ գնաճի հիմնական պատճառները միջազգային շուկաներում պարենամթերքի և մի շարք ապրանքների գների բարձրացումն է, ապա աբսուրդ է Հայաստանում գնողունակ պահանջարկի նվազման, այսինքն` եկամուտների նվազման ճանապարհով այդ գների վրա ազդելը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջին շրջանում Հայաստանում գրանցված գնաճի վերաբերյալ իր գնահատականն է տվել ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը:

«Ի՞նչ է անում Կառավարությունը` թանկացնում է փողի արժեքը Հայաստանում, ամեն ինչ անում է, որ քաղաքացիների եկամուտները ցածր լինեն` մտածելով, որ եթե ցածր եկամուտ լինի, ապա բնական է` պետք է որ գները իջնեն: Սակայն հարց է առաջանում, եթե, օրինակ, նույն ցորենի գինը պայմանավորված է արտաքին շուկայում Չինաստանի, Ռուսաստանի կամ Կանադայի քաղաքականությամբ, ապա դու ինչպե՞ս ես պատրաստվում 3 միլիոնանոց երկրում գնողունակ պահանջարկի անկման միջոցով նվազեցնել միջազգային գները: Սա պարզապես աբսուրդ է», – ասել է Նռանյանը:

Ըստ բանախոսի` եթե ճիշտ է Կառավարության այն հաստատումը, թե միջազգային գներն են ազդում հայաստանյան գնաճի վրա, հետևաբար միանշանակ է, որ ցածր եկամտի քաղաքականության միջոցով այդ գների նվազեցում ապահովել չի լինի:

«Եթե մենք ասում ենք, որ միջազգային գներով է պայմանավորված, ապա մենք պետք է համապատասխան քայլեր իրականացնենք մեր տնտեսական կառուցվածքը փոխելու ուղղությամբ», – նշել է Նռանյանը:

Նռանյանը հարց է տալիս` ինչ պետք է անի Կառավարությունը, և առաջարկում.

«Առաջին հերթին, եթե մենք ասում ենք, որ մենք մեծապես կախված ենք ներմուծումից, հարց է առաջանում, ո՞ւր են պետական պահուստները: Համաձայն ՀՀ օրենքի, պետական պահուստի միջոցով պետությունը գնաճի պայմաններում կարող է այդ անցումը անցնցում ձևով կազմակերպել: Պարենային անվտանգության ապահովության մասով էլ մենք ոչինչ չենք անում. մենք այսօր արտադրում ենք մեր ցորենի պահանջարկի 35 տոկոսը, 65 տոկոսը ներկրվում է, այնինչ մենք ունենք ռեսուրսներ, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կան տարածքներ, որոնք կարող են օգտագործվել ցորենի աճեցման մշակման համար: Այդ գյուղատնտեսական ռեսուրսի օգտագործումը կարող է մեծապես ավելացնել մեր պարենային անվտանգությունը»:

Նա կարծիք է հայտնել, որ դրամի զանգվածի նվազեցումը, իր հերթին, կրճատում է տնտեսական զարգացման հնարավորությունը.

«Կառավարությունը, փաստորեն, զսպում է քաղաքացիների եկամուտը, զսպում է տնտեսական աճը, նվազեցնում է շրջանառու միջոցները տնտեսության մեջ, որպեսզի պայքարի գնաճի դեմ, այնինչ գուցե պետք է աներ հակառակը, այսինքն` խրախուսեր գնաճը, խրախուսեր տնտեսական ակտիվությունը և քաղաքացիների եկամուտների ավելացումը: Քայլերը բազմազան են, սակայն Կառավարությունն առաջնորդվում է միայն մեկ սկզբունքով` դրամի զանգվածի կառավարում, որն իր ձախողված լինելն արդեն ապացուցել է»,- մեկնաբանել է Նռանյանը:

Tekali Taxi